Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսցիները հուսով են, որ Հովիկ Աբրահամյանը մյուս վարչապետերի նման հարցը չի «ջրի»

Ապրիլ 21,2014 18:23

«Մեզ բան չի խոստացել, ուղղակի մենք պայմանավորվել ենք, որ ինքը մանրամասն կուսումնասիրի, կծանոթանա մեր հարցին, նոր այդ ժամանակ կսկսվեն բնակիչների հետ բանակցությունները»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խոստումներ է տվել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիրդուսիի` իրացված թաղամասի  բնակիչներին, ասաց Թամարա Հակոբյանը, որը նույնպես արդեն քանի տարի սպասում է իր նոր բնակարանին:

Շաբաթ օրը` ապրիլի 19-ին, ինչպես տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Մեր այն դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը նոր մարդ չէ այս դաշտում եւ արդեն 10 տարուց ավել է իշխանություն է եւ ինչպես իրացված գոտու մյուս բնակիչները, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները եւս տասնյակ անգամներ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպել` ներկայացնելով իրենց խնդիրները, պարոն Աբրահամյանը նո՞ր պետք է ծանոթանա ֆիրդուսցիների խնդրին, Թամարա Հակոբյանն ասաց. «Ճիշտ է ինքը ծանոթ է, բայց այսօր կան մանրամասներ, որին ծանոթ ենք միայն մենք եւ կազմակերպությունը, պաշտոնյան չգիտի, ճիշտ է ակցիաներ ենք արել, բայց չենք կարողացել լիարժեք մեր բողոքը տեղ հասցնել, եւ բացի այդ, տարիների ընթացքում փոփոխություններ են եղել, ժամանակն է ավելացել, պայմանագրային փոփոխություններ են տեղի ունեցել: Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման օրը մեր խնդիրներին հակիրճ ծանոթացրեցինք»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ամեն նոր վարչապետ եւ քաղաքապետ պաշտոնավարման առաջին ամիսներին նման ընդունելություններ է կազմակերպում` խոստանալով խնդիրը լուծել, սակայն, երբ խորամուխ են լինում հարցի մանրամասների մեջ, սկսում են հետագայում խուսափել այդ բնակիչների հետ հանդիպումներից, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտ եք, այն ժամանակ, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ ենք հանդիպում ունեցել, որն էլ երաշխավորեց` ասելով պայմանագրեր կնքեք եւ բոլորդ էլ բնակարաններ կստանաք,  եւ հետո, եթե չկնքեինք, վտարման սպառնալիքի տակ էինք, իսկ ինքը որպես քաղաքապետ ասաց, որ ամեն ինչ շատ կարճ ժամկետներում կլինի: Հանդիպել ենք նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որը նույնպես խոստացավ, որ լավ կլինի: Տիգրան Սարգսյանի հետ ենք պարբերաբար հանդիպել: Վերջին հանդիպումը սեպտեմբերին է եղել, ինքն էլ խոստացավ, որ վարկավորում է տալու կազմակերպությանը, այսինքն` երաշխավորելու էր, որ այդ կազմակերպությունը վարկ ստանա եւ շինարարությունը պետք է լուրջ առաջ գնար: Այս անգամ հույս ունենք, որ վերջապես մեր հարցը կլուծվի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930