Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր շենքի պատերը «ճտճտում են», ճաքերը` մեծանում»

Ապրիլ 21,2014 17:27

«Երեկ երեկոյան ես տանն էի տղայիս հետ, կողքի սենյակի պատը վաղուց ճաքել էր, ձայն լսեցինք, տեսանք, որ այն ամբողջովին փլուզվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15 տան բնակիչ Մելինե Զախարյանը: Ըստ նրա, փլուզվել է 4-րդ կարգի վթարային շենքի արտաքին պատը: Իսկ շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին եւ պատերին առաջացել են ճաքեր:

Aravot.am-ի հետ զրույցում շենքի մեկ այլ բնակիչ` տիկին Գոհարը պատմեց, որ արդեն 10 տարի է ապրում է այդ շենքում եւ այդ տարիների ընթացքում բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ իրենց նոր բնակարաններ տրամադրելու համար, սակայն մինչ օրս ոչ մի դրական արձագանք չի եղել. «Մեզ, անընդհատ խաբելով, պահում են, ասում են, որ միջնաժամկետ ծրագրում կտրվեն նոր շենքերը, բայց դրանք խոսքեր են, որոնք չեն էլ իրականացվելու»:

Տիկին Գոհարի խոսքերով՝ քաղաքապետարանից խնդրի առնչությամբ պատճառաբանում են, թե բյուջեւում գումար չկա. «Մեզ ասում են, որ մենք առաջնահերթ ծրագրում ենք: Առաջնահերթ ծրագրի թղթերը արդեն 2008-ից ինձ մոտ են: Մեզ ասում են գնացեք կացարաններում ապրեք, վարձով ապրեք: Բայց ինչպե՞ս կարելի է վարձով ապրել, եթե ես գիտեմ, որ շենքերը կան»:

Բնակչի խոսքերով՝ շենքից երեք հոգու արդեն տվել են բնակարան, իսկ մնացած բնակիչների հարցը դեռեւս քննարկվում է. «Նամակներ ենք ուղղել վարչապետին, նախագահին , քաղաքաշինության նախարարին եւ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այնտեղից էլ ասում են, առանց քաղաքապետարանից ստացած փաստաթղթերի, չեն կարող որեւէ քայլեր ձեռնարկել»:

Շենքի բնակիչների ներկայացմամբ` «Ամեն օր շենքի պատերը «ճտճտում են»: Կոմունալ պայմաններն ուղղակի ահավոր են, վախենում ենք գնալ զուգարան»:

Տիկին Գոհարի խոսքերով, շենքում գրեթե ոչ ոք չի մնացել, դուրս են եկել եւ մնացել են անճարները, որոնք գնալու տեղ չունեն, եւ, եթե շենքը փլուզվի, նրանք կհայտնվեն դրսում. «Շենքում ապրում եմ ես, Մելինեն իր բալիկի հետ, ներքեւի հարկում էլ բնակվում է երեք-չորս անձ, նրա կողքը մի հոգի, մի բնակիչ էլ այս «դարդ ու ցավից» մահացավ, մյուսն էլ ոչինչ չունի՝ ո՛չ զուգարան, ո՛չ ջուր, գնացել է ուրիշ տեղ է ապրում եւ հիմա անկողնային պառկած է»:

plvac tun 1Նշենք, որ երեկ երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ փլուզվել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության 2-րդ հարկի արտաքին պատը: Արտակարգ իրավիճակների մասնագետները պաշտոնապես հաստատել են, որ 2-րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին եւ պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր`1-3 սմ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930