ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմում էր ուղարկվել խնդրանքով, որպեսզի նրանք հետևողական գտնվեն, որ քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով և նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումը շուտափույթ կերպով դադարեցվի:
Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է դիմումի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պատասխանը: Գրությամբ հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար պարզվել են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝ նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Գրության մեջ նաև նշվում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նման տվյալներով մեղադրյալ ներգրավված չէ:
Որոշակիորեն անհասկանալի է վերջին հատվածը, այն դեպքում, երբ դիմումում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով այլ անձի վերաբերյալ որևէ նշում չկա և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի այդ մասին պատասխանը որևէ կերպ չի առնչվում դիմումում ներկայացվածին:
Կարդացեք նաև
Հ.Գ. Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հեռախոսային զրույցով ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ քանի որ քրեական գործերն արդեն գտնվում են դատարանում ՀՀ ՄԻՊ գրասենյակն այլևս իրավասու չէ զբաղվելու քաղբանտարկյալների գործերով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ