«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նոր վարչապետից հույսեր ու ակնկալիքներ ունեն: «Հույս կա, որ իր ասածները կիրականանան, բայց ամենակարեւորն այն է, որ մարդիկ իմանան, որ պայքարելու են»,- ասաց այսօր բակերում իրազեկման ակցիայի անդամ Հայկ Ավետիսյանը:
Անդրադառնալով վարչապետի քննարկումների հրավերքին`ասաց. «Քննարկենք, բայց ի՞նչ: Այնպես չէ, որ ասում ենք, թե որեւէ բան քննարկելու պատրաստակամություն չունենք: Այո, իհարկե, ունենք, բայց ի՞նչ: Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանությունը քննարկման ենթակա չէ: Պարտադիրը լավ է, թե վատ է, քննարկման ենթակա չէ: Պահումներ անել, թե չանել նույնպես քննարկման ենթակա չէ: Եթե նոր օրինագիծ հանեն ու առաջարկեն, դա կարծում եմ, կարելի է քննարկել եւ մեր քաղաքացիներից շատերը հետաքրքրված կլինեն, գնալ եւ տեսնել»:
Նա ասաց` տեղյակ չէ, թե կառավարությունն ինչ փոփոխություններ է նոր օրինագծով պատրաստվում ներկայացնել ԱԺ. «Ես մենակ մի բան գիտեմ, որ հստակ է այն, որ ուզում են տույժերի կիրառումը կասեցնել: Բայց մենք շատ լավ գիտենք, որ տույժերը եթե կասեցնեն, դրանք այն գործատուների համար են, որոնք արդեն ասել էին, որ չեն վճարելու, որ իրենց նկատմամբ դատական քաշքշուկ կամ գործընթաց չսկսեն: Հնարավոր է, որ այլ մարդկանցից պահումներ կատարեն, մասնավորապես պետական հիմնարկներում, այն մասնավոր հիմնարկներում, որոնք իրենց ենթակայության տակ են: Դրա համար մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որեւէ մեկից պահումներ չկատարեն»:
Նա հիշեցրեց, որ իրենց նախաձեռնության անդամները պատրաստվում են դատի տալ Կենտրոնական դեպոզիտարիային. «Պետք է քաղաքացիներին նամակ ուղարկեին` տեղեկացնելով, որ եթե դուք ֆոնդ չընտրեք, ապա ձեր տեղը կընտրվեն: Հիմա միանգամից նամակ եկավ, որ ձեր տեղն արդեն ֆոնդը ընտրված է: Թե իրավաբանները սրա հետ կապված ինչ բովանդակությամբ հայց են նախապատրաստում, տեղյակ չեմ»:
Կարդացեք նաև
Ապրիլի 28-ին ընդառաջ, երբ կառավարությունը պատրաստվում է կուտակայինի մասին նոր օրենսդրական նախագիծ ներկայացնել ԱԺ, «Դեմ եմ-ը» ակտիվ ակցիաներ է նախատեսել: Հայկ Ավետիսյանի խոսքով, կշարունակեն իրազեկման ակցիաներ համայնքներում եւ չեն բացառում մեծ բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց ապրիլի 28-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ