Լրահոս
Օրվա լրահոսը

1 միլիոն դրամ տուգանք եւ 9.5 միլիոն դրամի «Այֆոն»՝ հօգուտ պետության

Ապրիլ 21,2014 15:57

Երեւանի բնակիչ, 1975թ. ծնված Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 6-ին օդափոխման համակարգեր ներկրելու նպատակով մեկնելով Վրաստան, չի կարողացել դրանք գնել եւ Թբիլիսի քաղաքում, ոմն Գիյայից, Հայաստանում իրացնելու նպատակով ձեռք է բերել 24 հատ «Այֆոն Ս 5» մոդելի բջջային հեռախոս:

Տ. Պետրոսյանը իր վարած «Նիսան» ավտոմեքենայի սրահի նստատեղի դիմացի պահոցներում եւ ետեւի երկու նստատեղի տակ թաքցնելով՝ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է տեղափոխել ընդհանուր 9 միլիոն 570 հազար դրամ արժեքով բջջային հեռախոսներ: Սակայն մաքսային բեռնահամալիրում դրանք հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Տ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգություն»): Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննությունը սկսելը, Տիգրան Պետրոսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Նա հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ:

Ապրիլի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Տ. Պետրոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նրան դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի, դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մաքսանենգության ապրանք հանդիսացող 9 միլիոն 570 հազար դրամ արժեքով 24 հատ «Այֆոնը» բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Նշենք,որ Տ. Պետրոսյանը չի աշխատում, նա 3-րդ խմբի հաշմանդամ է: 2008թ. փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով («Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է խոշոր չափերով»), նրա դատվածությունը մարված է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անցորդ says:

    Դե մեր երկիրը հազիվ էլ սենց մարդկանց հետեւից ընկնի ու ցույց տա, թե գործ ա անում: Բա ոնց: Ամբողջ մաքսային ու հարկային համակարգն ա պետք նստացնել, ոչ թե սենց մարդկանց: Երկրի օրենքը որ նորմալ, տրամաբանված լինի, ոչ մի մարդ թաքուն գործ չի անի: Բայց դա հենց բռնողներին ձեռ չի տալիս: Ահ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930