«Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ երեկ Ապարանում Խաչի մոտ կազմակերպել էր Սուրբ Զատկի առթիվ իր հերթական միջոցառումը:
«Ո՞րն է օրվա խորհուրդը» հարցից էլ սկսվեց մեր բլից հարցազրույցը նախկին գլխավոր դատախազի հետ:
-Քրիստոսի հարությունը մեր հավատքի առանցքն է: Մնացած ամեն ինչ բազում մարգարեներ մինչ Քրիստոսը եւ Քրիստոսից հետո արել են, բայց հարությունը Քրիստոսի եւ միայն Քրիստոսի առաքելությունն է:
– Պարոն Հովսեփյան, տոնական տրամադրությունից Ձեզ մի փոքր շեղեմ.
Քննչական կոմիտեն ե՞րբ կսկսի գործել, ե՞րբ է նախատեսվում օրենքի ընդունումը:
Կարդացեք նաև
– Ինձ տեղեկացրել են, որ արդարադատության նախարարությունն արդեն ամփոփել է առաջին ընթերցումից հետո ստացված առաջարկությունները եւ շուտով նախագիծը կուղարկվի` Ազգային ժողով, եթե, իհարկե, արդեն չի ուղարկվել:
– Տպավորությունն այն է , թե անհարկի ձգձգվում է կոմիտեի ձեւավորումը, ինչո՞ւ:
– Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել: Ոչ միայն ձեւավորվում է նոր պետական կառույց, այլ սա դատաիրավական բարեփոխումների մի մասն է եւ կառույցը շատ կարեւոր խնդիր ունի լուծելու: Ինչպես նախագահն է կարգադրությամբ արձանագրել` քննչական կոմիտեի խնդիրն է բարձրացնել քննության որակը, արդյունավետությունը: Եվ շատ կարեւոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը պատշաճ լիազորություններով եւ պարտականություններով կօժտի կոմիտեին` այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցաբար փորձագետներ հրավիրեց, այստեղ կազմակերպեցինք հանրային քննարկումներ, ուսումնասիրեցինք միջազգային փորձը, ինչը որեւէ կերպ չի կարելի համարել ձգձգում: Այսօրինակ քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են:
– Ուզում եմ խոսեք կազմակերպչական մի խնդրի մասին էլ. Որտեղ է գործելու կոմիտեն, շենքային պայմանների խնդիրն արդեն լուծվա՞ծ է:
– Նախագահի կարգադրությամբ կառավարությանը հանձնարարվել էր մշակել համապատասխան նախագծեր` քննչական մարմնի գործունեության համար անհրաժեշտ շենքային և նյութատեխնիկական պայմաններն ապահովելու նպատակով: Այս ուղղությամբ եւս զգալի աշխատանքներ են կատարվել: Եթե հատկապես շենքի հարցն է հետաքրքրում` ասեմ, որ այո, արդեն այդ հարցը հստակեցվել է եւ կոմիտեի վարչական շենքի տեղը որոշվել է: Այս ամենի մասին առավել հանգամանալից խոսելու առիթ առաջիկայում կունենանք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Aravot.am-ի տեղեկություններով, կոմիտեին 6 հարկանի շենք է հատկացվել Կոմիտասում եւ արդեն իսկ սկսվել են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքները:
Կբարեփոխվեք մի քանի օրում և ազգովի:Օրհնվի այ էդ սհաթը, դատախազության դռներ համբուրող խաչապաշտ Աղվան: