«Դեմ եմ» նախաձեռնության մի քանի անդամ այսօր իրազեկման ակցիա էին կազմակերպել Զեյթունում:
Շրջելով համայնքի բակերով` քաղաքացիներին իրազեկեցին պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ ՍԴ որոշման մասին ու կոչ արեցին նրանց դիմել գործատուներին` հրաժարվելով իրենց աշխատավարձերի պարտադիր պահումներից:
«Հայաստանի իշխանությունը որեւէ օրինական զենք չի կարող այլեւս գտնել, որ պահումներ կատարի: Կոչ ենք անում, թե’ պետական , թե’ մասնավոր հիմնարկներում թույլ չտալ պահումներ կատարել ձեր աշխատավարձերից: Հիմա կառավարությունն ուզում է կասեցնել գործատուներին տույժերի կիրառման մասը, բայց դրանով չենք բավարարվելու, որովհետեւ կարող են ասել, որ պարտադիրը կասեցված չէ: Օրենքով այսօր որեւէ մեկը չի կարող պահումներ անել: Մի տրվեք սադրանքի, ճնշման` գործից ազատելու վերաբերյալ: 70-80 գործատու այլեւս իր աշխատակիցներից որեւէ տոկոս չի պահում: Դուք քաջ քաղաքացիներ եք: Կոչ ենք անում միանալ պայքարին»,- իրազեկում էր ակտիվիստ Հայկ Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Բակերը մարդաշատ չէին, բայց բնակիչները ուշադիր հետեւում էին շենքերի պատուհաններից: Մի քանի բնակիչներ էլ դուրս եկան բակ ու խրախուսեցին «Դեմ –ի» տղաներին:
«Ես իմ երեխաների ապագան այստեղ չեմ տեսնում: Եթե այսպես լինի, հենց էսօր էլ հնարավորություն ունենամ, երեխեքիս երկրից կհանեմ: Հոգով, սրտով մասնակցում եմ «Դեմ եմ-ի» ակցիաներին: Դեմ եմ, որովհետեւ ոչ ոք չի կարող ամուսնանալ, երեխա ունենալ, ընտանիք պահել»,- դժգոհեց բնակիչներից մեկը:
Մի վարորդ էլ հենց մեքենայի մեջից քաջալերեց. «Տղերք, ի՞նչ է պետք անեմ: Սերժիկին մի հատ հայհոյե՞մ… պետք է շատ լինեք, հավաքվեք, որ արդյունք տա: Դուխներդ չգցեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ