Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը փորձում է կարգավորե՞լ ՀՅԴ-ի հետ հարաբերությունները

Ապրիլ 21,2014 14:30

«Սերժ Սարգսյանի քայլերն այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն: Նրա իրական իշխանությունը փաստացի ավարտված է, վերարտադրվելու հնարավորությունն էլ գործնականում զրո է: Մնում է մեղմ քաղաքականությամբ ժամանակ ձգել մինչև ժամկետների ավարտը: Դա նվազագույն դիմադրությամբ անելու համար անհրաժեշտ է մի քիչ ժողովրդահաճ ու ընդդիմությունահաճ քայլեր կատարել` չեզոք կադրային նշանակումներ, ձևական հայտարարություններ և այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող օրերս արտահայտած դիտարկումներին:

Մյուս կողմից, ըստ Արմեն Աղայանի, Սերժ Սարգսյանը փորձում է նաև արդարացնել իր անցյալի կոպտագույն սխալները:

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել էր, որ դրանց վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին:

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցին` ինչ ապագա է սպասվում արձանագրություններին, նախագահի մամուլի խոսնակն էլ ասել էր, որ առաջիկայում այդ առիթով հայտարարություն կհնչի:

«Իսկ սերժ-թուրքական արձանագրությունների ստորագրումը (դրանք հայ-թուրքական անվանելը մեղք է) սոսկ սխալ չէր, այլ՝ հայ ազգի դեմ գործված ամենաիսկական հանցագործություն: Երբեք չեմ հավատացել այս հարցում արտաքին ճնշումների մասին հեքիաթին, քանի որ այդ արձանագրությունների դրույթները կարդացել էի երկու տարի առաջ Տիգրան Սարգսյանի շարադրած «պետության վախճանի» ծրագրում: Վստահ եմ, որ սա ամբողջությամբ Սերժ և Տիգրան Սարգսյանների նախաձեռնությունն էր, որը բարեբախտաբար տապալվեց: Բայց ինչպես տապալվեց: Սերժ Սարգսյանը փորձում է տապալելու պատասխանատվությունը Անկարայի վրա դնել:

Բայց իրականում ինչ է տեղի ունեցել: Երևանը իր նախաձեռնությամբ խոստացել է միակողմանի զիջումներ` հայ-թուրքական բաժանարար գծի ամրագրումը որպես ճանաչված սահման և Արցախում տարածքների հանձնում Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Ցեղասպանության հարցի ապաքաղաքականացում: Այս զիջումներից որի՞ն պետք է Անկարան դեմ լիներ»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ Թուրքիայում ոչ ոք չառարկեց, իսկ Հայաստանում եղան ցույցեր. «Այդ օրերին իշխանական բևեռի լուսանցքում գտնվող Դաշնակցությունը հանկարծակի կարողացավ Տեր-Պետրոսյանից ավելի բազմամարդ հանրահավաք կազմակերպել: Նույնը` արտերկրում: Իշխանությունը ստիպված էր նահանջել` խաղարկվեց ՍԴ մեկնաբանությունների գործիքը: Անկարան, որ համոզված էր, որ Հայաստանը վաղ թե ուշ հարկադրված է լինելու ամբողջական զիջումների գնալ, չուզեց նահանջել ու արձանագրությունները չվավերացվեցին: Այսինքն, արձանագրությունների վավերացումը տապալել է հայ ժողովուրդը: Բայց դա նաև Սերժ և Տիգրան Սարգսյանների քաղաքականության առաջին խոշոր ձախողումն էր և հիմա բոլոր բացատրություններն ու արդարացումներն անիմաստ են»:

Մեր դիտարկմանը` նախագահի մամուլի խոսնակի հարցազրույցից` հայ-թուրքական արձանագրությունների ապագային վերաբերվող հայտարարության մասին, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը հնարավոր է ետ կանչի իր ստորագրությունը, Արմեն Աղայանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական հայտարարությունների մասին է ակնարկում խոսնակ Սաղաթելյանը, բայց գիտեմ, որ պատահական մարդիկ չեն կարող հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ծանրակշիռ դիրքորոշում հայտնել: Ներկա վարչախումբը ոչ բավարար ներուժ ունի, ոչ էլ երբևէ աչքի է ընկել ազգային մտածողությամբ, որպեսզի լուրջ բան ասի: Հնարավոր ձևական հայտարարություններով կամ փորձելու են ժողովրդին հաճոյանալ, ձերբազատվել հանձնող-դավաճանի կայացած կերպարից, կամ փորձելու են բարելավել հարաբերությունները Սփյուռքի, նաև Դաշնակցության հետ: Գուցե նաև վերջինիս կոալիցիայում ներգրավելու հույսները դեռ չեն կորցրել: Բոլոր դեպքերում նման հայտարարությունը, ինչպիսի բովանդակություն էլ ունենա, դժվար թե որևէ կապ ունենա արտաքին քաղաքական զարգացումների հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե ՅՀԴ-ը այս պահին մտնի ՀՀԿ-ական կառավարություն,ապա դա կլինի ՅՀԴ-ն վերջնական վախճանը, թեև ՅՀԴ-ը իրականում մահացել է 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930