«Մինչ այս պահը Բաշար Ալ Ասադը չի առաջադրվել: Սակայն Ասադի՝ թեկնածության առաջադրման դեպքում նա կվերընտրվի: Կանխատեսում եմ, որ հայ համայնքը պետք է աջակցի Բաշար Ալ Ասադին»,-Aravot.am-ի հարցին՝ Սիրիայի նախագահական ընտրություններում հայ համայնքի համար նախընտրելի թեկնածուն ո՞վ է, այսպես պատասխանեց արաբագետ ՀայկՔոչարյանը:
Այնուհետև մանրամասնեց. «Վերջին շրջանում միտում է նկատվում, որ կառավարական ուժերը բավականին լուրջ հաջողության են հասնում Սիրիայում: Ասադը մինչև ամսվա վերջ պետք է վերջացնի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Այսօրվա դրությամբ հայտնում են, որ մոտ ութսուն տոկոսն են արել, և ըստ երևույթին մինչև ամսվա վերջ կհասցնեն գործընթացը ավարտին»:
Հայ համայնքի շրջանում գոյություն ունեցող տրամադրությունների վերաբերյալ արաբագետն ասաց. «Հայ համայնքը փորձելու է պահպանել իր զգոնությունը, հայերն ավելի շատ աջակցում են կառավարական ուժերին, քանի որ այս շրջանում կառավարական ուժերն իրականացնում են վերահսկողություն և իրականացնում հայկական տարածքների անվտանգությունը»:
Արաբագետը նաև նշեց, որ հայ համայնքի շրջանում կան մարդիկ, որոնք գաղափարական սկզբունքներից ելնելով` աջակցում են ոչ զինյալ ընդդիմությանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ հունիս-հուլիս ամիսներին Սիրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Արաբագետը տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայում իրավիճակի լարվածություն է նկատվում, եղել են նոր ռմբակոծություններ:
Հետաքրքրվեինք մասնավորապես Թուրքիայում հանգրվանած քեսաբահայերի հարցով: Կարծիքներ կան, թե քեսաբահայերը գործիք են դարձել դահիճի ձեռքին: Հայկ Քոչարյանն արձագանքեց. «Քեսաբահայերի խնդիրը կոմպլեքս տարածաշրջանային խնդիրների մեջ է պետք նայել: Եվ այս իրավիճակում Թուրքիայի քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես մեծ խաղում խաղացողների իրավիճակային խաղեր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ