Լրահոս
Օրվա լրահոսը

«Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը արտերկրում»

Ապրիլ 21,2014 12:27

Կարծում ենք, որ մեծ չափազանցություն չէր լինի ասելը, որ շաբաթ երեկո Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցած միջոցառում-համերգը դարձավ, ինչպես ասում էին դեռ մի քսանհինգ տարի առաջ, իսկական «համաժողովրդական տոն»:

Նշվում էր Երևանի Պ.Ի.Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 75-ամյակը:

SYOA-75- GOD ANGELS…Դժվար է գտնել Հայաստանում և աշխարհասփյուռ հայության մեջ քիչ թե շատ հայտնի երաժշտի, որը Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտը չէ. դրանց թվում են համաշխարհային բեմերը նվաճած ժողովրդական արտիստներ պրոֆեսորներ Էդվարդ Թադևոսյանը, Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Մեդեա Աբրահամյանը, իրենց ավագ գործընկերների փառքը շարունակող դպրոցի երիտասարդ սերնդի շրջանավարտները:

Եվ, թերևս, ամենակարևորն այն է, որ այսօր էլ Չայկովսկու անվան դպրոցը շարունակում է մնալ տաղանդների դարբնոց: Ինչպես 1977-ին գրել է դպրոցի տնօրեն Տատյանա Հայրապետյանին  ուղղված նամակում Մեծն Արամ Խաչատրյանը, «…Շատ ուրախ եմ, որ իմ հայրենի Երևանում կա երաժիշտների այդպիսի դարբնոց… »:

Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ համերգի բացմանը լսեցի դպրոցի հիմնը` գրված 16-ամյա Ալեքսանդր Հարությունյանի կողմից: Հուսանք, որ մեծանուն հայ կոմպոզիտոր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ երջանկահիշատակ Ալեքսանդր Հարությունյանի անվանակից պատանին կդառնա իր գործի արժանի շարունակողը:

SYOA - 75 - TANJA S BUKETOMԳրեթե 50 տարի դպրոցը ղեկավարել է Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանը, որը 1940-ականներին, ուսանելով Մոսկվայի կոնսերվատորիայում` Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի և այլ ապագա հանճարների հետ, եղել է Արամ Խաչատրյանի, ջութակի հայկական կատարողական հիմնադիր Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի սանը:

Եվ այսօր էլ 90-ամյա Տատյանա Բագրատովնան ամեն Աստծու օր գալիս է դպրոց, ավելի ճիշտ կլիներ ասել` հարազատ ՕՋԱԽ` արդեն աշակերտների որերորդ սերնդի հետ ջութակ պարապելու: Ուստի պատահական չէր, որ ամբողջ` լեփ-լեցուն դահլիճը ներառյալ կառավարական օթյակում գտնվող ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/ գործադիր տնօրեն դեսպան Արմեն Սմբատյանը /Տ.Բ.Հայրապետյանի որդին/ հոտնկայս ծափահարեց Տատյանա Բագրատովնային:

SYOA - 75 - LOJAԻնչպես նշվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, որը ընթերցեց Հասմիկ Պողոսյանը, «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը հսկայական և անգնահատելի ավանդ ունի Հայաստանում գեղարվեստական կրթության, հազարամյակների պատմություն ունեցող հայ մշակույթի ավանդույթները շարունակելու գործում… Դպրոցի 75-ամյա հոբելյանը, անկասկած, կարևոր իրադարձություն է ողջ երկրի մշակութային կյանքում…»:

SYOA - 75 - SHAHEN

Ինչպես իր շնորհավորական խոսքում ասաց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Շահեն Շահինյանը` Չայկովսկու երաժշտական դպրոցի շրջանավարտը, ամենայն հավանականությամբ, սա միակ դպրոցն է, որի աշխարհասփյուռ շրջանավարտները, իրար հետ խոսելիս, առաջին հերթին միմյանց հարցնում են. «Դպրոց գնու՞մ ես…»:

Նա հավաստիացրեց դպրոցի այսօրվա սաներին՝ նվագախմբի երաժիշտներին և մենակատարներին բեմում, որ նրանց առջև լայնորեն բաց են կոնսերվատորիայի դռները, նաև հատուկ նշեց, որ համերգին ներկա գտնվող և Շահինյանի խոսքերով` Հայաստանի ամենակարևոր` պաշտպանության նախարարության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նրանց համար հնարավորություն է ընձեռել Հայրենիքի առջև զինվորական պարտքը կատարելու ռազմական նվագախմբերում:

Հանձնելով ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալը դպրոցի ներկայիս տնօրեն Մարտուն Կոստանյանին, Հասմիկ Պողոսյանը հատուկ նշեց, որ այս պարգևը պատկանում է` /առաջին հերթին` հեղ./ դպրոցի ավագ սերնդի նախկին ղեկավարներին` ի դեմս Տատյանա Հայրապետյանի: /Եվ հենց այստեղ էր, որ, ինչպես վերը նշված էր, ամբողջ դահլիճը թնդաց երկարատև ծափողջույններով/:

«…Հաղթահարելով ինչ-ինչ դժվարություններ, դպրոցի սաները մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը աշխարհի ամենահեղինակավոր բեմերում», եզրափակեց տիկին Պողոսյանը:

SYOA - 75 - DETIԴիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ դպրոցական նվագախմբի պատանի երաժիշտները փայլուն` իրենց ավագ գործընկերներին գրեթե ոչնչով չզիջող վարպետությամբ կատարեցին մեծն Խաչատրյանի «Լեզգինկան» «Գայանե» բալետից, Հայդնի «Խաղալիքներով սիմֆոնիան», այլք:

Հանդիսականը ջերմությամբ ընդունեց 17-ամյա Արման Մնացականյանի կատարումը Դևիդ Բարեյի Սյուիտը քսիլոֆոնի և լարային նվագախմբի համար: Իսկ դպրոցի շրջանավարտ, Հայաստանի` աշխարհում միակ պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր /«համատեղության կարգով»՝ Տատյանա Բագրատովնայի սիրելի թոռնիկ և գործի շարունակող/ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դպրոցի նվագախումբը կատարեց Հայդնի թավջութակի համար կոնցերտի առաջին մասը դպրոցի 13-ամյա սան Անդրանիկ Աղաջանյանի մենակատարությամբ:

Բանախոսների կողմից հատուկ նշվեց, որ տարիներ շարունակ դպրոցը իր թիկունքում զգում է պետական հոգածությունը, մասնավորապես, ի դեմս առաջին տիկին Ռիտա Սարգսյանի:
Դպրոցում ձևավորվել է երգչախումբ, որը կատարեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նոր՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա /2 ապրիլի/ կապակցությամբ հեղինակած երգը` «Աստծո հրեշտակներ`» 16-ամյա Լիլիթ Եղիզարյանի և 17-ամյա Անահիտ Պետրոսյանի մենակատարությամբ, որը ընդունվեց հանդիսականի կողմից հատուկ հետաքրքրությամբ և ջերմությամբ:

Սակայն միայն դասական երաժշտությունը չէ՛,որ կատարում են Չայկովսկու անվան դպրոցի սաները. արդեն մի քանի տարի է, ինչ այնտեղ գործում է ջազ-բենդ:
Այդ երեկո այն` դրա ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի խմբավարությամբ կատարեց Բոբի Մակֆերինի «Don’t worry, be happy!»-ն , Քուինսի Ջոնսի, և, իհարկե, Կոնստանտին Օրբելյանի հռչակավոր գործերը:

SYOA - 75 - ANNA

Հարկ է նշել նաև նմանատիպ միջոցառումների մշտական վարող Աննա Ավանեսյանի անունը, որը լավ բեմական արտաքին տվյալներից բացի, աչքի է ընկնում վարման /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն / բարձր կուլտուրայով:

…Շնորհակալությու՛ն, որ կաս, դու հայ տաղանդների դարբնոց, Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոց:

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930