Կապանում 2014թ.-ի առաջին եռամսյակում 101 ծնունդ է գրանցվել, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 105: Այս թվերը մեզ փոխանցեցին քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանումից:
Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում տարեցտարի ծնունդների թվի նվազում է արձանագրվում: Ըստ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սյունիքի մարզում գործող տարածքային ստորաբաժանումների տվյալների՝ 2012 թվականի համեմատությամբ` 2013-ին ծնունդների թիվը մարզում պակասել է 111-ով: 2013թ.-ին Սյունիքում 1566 երեխա է ծնվել, իսկ 2012թ.-ին՝ 1455:
Ծնունդների թիվը զգալի նվազել է Կապանում, Մեղրիում, Սիսիանում եւ Գորիսում, իսկ Քաջարանում ծնունդների աճ է արձանագրվել:
Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին ծնունդների նվազմանը զուգահեռ մարզում նվազել են նաեւ մահերը: Նախորդ տարի մարզում մահացած բնակիչների թիվը 2012թ.-ի համեմատ 123-ով պակաս էր: Մահացության ցուցանիշի աճ 2013թ-ին արձանագրվել էր հիմնականում Մեղրու տարածաշրջանում:
Իսկ այս տարվա առաջին եռամսյակում մահացության աճ արձանագրվել է նաեւ Կապանում: ՔԿԱԳ Կապանի տարածքային ստորաբաժանման տրամադրած տվյալներով՝ 2014թ.-ին Կապանում 139 մահ է գրանցվել, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մահացածների թիվը հասնում էր 108-ի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ