Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Ես երբեք հենց այնպես ոչ մի տեղ չեմ գնում»

Ապրիլ 21,2014 11:10

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ-ում անցկացվեցին ջրացատկի Հայաստանի մեծահասակների, պատանիների եւ սկսնակների առաջնությունները:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում անվանի ջրացատկորդ Հրաչյա Չանդիրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ էր նախաձեռնել համատեղ նաեւ սկսնակների առաջնություն կազմակերպելը, որպեսզի ծնողները տեսնեն, թե իրենց երեխաները ուր են գալիս, ինչ են անում եւ ապագայում ինչի կարող են հասնել:

Մասնագետի խոսքերով, սկսնակները, որոնք ջրացատկի այբուբենի առաջին տառերն են սովորում, բավականին հաջող մրցելույթներ ունեցան: Ուրախացրել են պատանիները: Մրցելով միայն մեկ մետր ոստնակացատկում, որովհետեւ այլ հնարավորություն չկա, կատարվել են 8-8,5 բալանոց գեղեցիկ ցատկեր: Մարզիչը, որ սովորաբար երբեք գոհ չի լինում իր սաների մրցելույթներից, այս անգամ ինչ-որ չափով բավարարված էր մեծահասակների առաջնության աշտարակացատկում տղաների ելույթներից:

«Ոստնակացատկերում տղաները, ինչպես միշտ, կաղում էին, քանի որ համապատասխան գործիքներ չունենք: Իսկ աշտարակացատկում մասնակցությունը բավականին հաջող էր՝ բարձր արդյունքներ եղան: Նախատեսում ենք ավելի բարդացնել ցատկերը ու նույնպես բարձր արդյունքների հասնել: Այս անգամ մարզիկները մրցում էին միայն կամավոր ծրագրով, որը պարտադիր ծրագրի հետ համեմատած, ավելի բարդ է ու դժվար: Մոտավորապես, այսպես է. արա, ցուցադրիր՝ ինչ կարող ես: Լուրջ, տակտիկապես գրագետ ու գեղեցիկ ցատկեր կատարողներ եղան, եղան նաեւ թերություններ, որոնցից խուսափել հնարավոր չի լինում նաեւ աշխարհի առաջնություններում», – ասաց Հրաչյա Չանդիրյանն ու նշեց, որ հիմա պետք է աշխատի այդ թերությունները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Հայաստանի առաջնությունում հաղթեց Լեւ Սարգսյանը, երկրորդ տեղը գրավեց Վլադիմիր Հարությունյանը, իսկ նրա երկվորյակ եղբայրը՝ Ազատ Հարությունյանը, բավարարվեց երրորդ տեղով:

Այսօր Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը մարզչի հետ մեկնում են Դրեզդեն՝ մասնակցելու մինչեւ 18 տարեկանների միջեւ անցկացվող միջազգային ավանդական մրցաշարին: «Դրեզդենի մրցաշարին մասնակցում են այդ տարիքային խմբի աշխարհի գրեթե բոլոր հզորագույն երկրների ջրացատկորդները: Մենք երրորդ տարին անընդմեջ մեկնում ենք այնտեղ: Ես գնում եմ «հետախուզության», որպեսզի տեսնեմ հուլիսի 1-6-ը Իտալիայի Բերգամո քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ապագա հիմնական մրցակիցներին. ի՞նչ ցատկեր են կատարում, ի՞նչ նոր տարրեր են ներմուծել, ի՞նչ որակների հասել, որպեսզի կողմնորոշվեմ, թե մնացած երկու ամիսներին տղաների հետ տեխնիկական եւ տակտիկական ինչ աշխատանք պետք է կատարել: Իսկ տղաները լրացուցիչ մրցափորձ են ձեռք բերում»:

Հարցին, թե ի՞նչ նպատակներով են մեկնում Գերմանիա, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Ես երբեք հենց այնպես ոչ մի տեղ չեմ մեկնում: Պլանավորում եմ մինիմալ եւ մաքսիմալ ծրագրեր. Մինիմալը տեղ զբաղեցնել վեցյակում, մաքսիմալը՝ եռյակում: Իսկ եթե երկուսն էլ իրականանա, դա նվաճում կլինի, քանի որ, կրկնում եմ, այնտեղ հանդես են գալու այդ տարիքային խմբի աշխարհի ուժեղագույն ջրացատկորդները (այս անգամ՝ բացի չինացիներից), ինչի համար էլ Դրեզդենի մրցաշարը համարվում է երիտասարդների աշխարհի փոքր առաջնություն»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելը իրատեսակա՞ն է, ինչին Հրաչյա Չանդիրյանը պատասխանեց. «Վլադիմիր Հարությունյանը հուլիսին նոր կդառնա 16 տարեկան, իսկ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է 18 տարեկանների միջեւ: Շատ բարդ է լինելու, բայց աշխատելու ենք անել ամեն բան: Չմոռանանք, որ Վլադիմիրը Գվադալահարայում, մրցելով այս նույն տարիքի տղաների հետ, Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Այնտեղ նա մտավ եզրափակիչ, որտեղ չորս ցատկից հետո ընթանում էր երկրորդ տեղում, վեցից հետո՝ առաջատարն էր: Ափսոս, մի ցատկում սխալ թույլ տվեց ու պայքարն ավարտեց իններորդ տեղում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930