Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիմը» 20 տարի նույնն է: Փոխվում են դրա «վերնագրերը»

Ապրիլ 21,2014 10:49

Անկախ Հայաստանի պատմության առնվազն 20 տարում ընդդիմադիր գործիչներն ու մեկնաբանները մշտապես խոսում են «ռեժիմի» մասին` այդ գոյականի կողքը դնելով տվյալ պահին նախագահի աթոռը զբաղեցնող անձի անուն ազգանունը: Նկատի է առնվում, որ ռեժիմը մարմնավորող անհատի իշխանությունից հեռացումը կբերի այդ ռեժիմի, այսինքն` քաղաքական համակարգի փոփոխության:

Ընդհանրապես հրապարակախոսության մեջ «ռեժիմ» եզրը սովորաբար օգտագործվում է բացասական իմաստով. որքան գիտեմ, ոչ ոք չի ասում «Օբամայի ռեժիմը» կամ «Օլանդի ռեժիմը»՝ հավանաբար, այն պատՃառով, որ այդ երկրներում պետական իշխանությունն իրականացվում է քաղաքացիների, ոչ թե հիշյալ անձանց կամքով: Եվ այդ պատճառով կարելի է ասել` «Պուտինի ռեժիմ», «Լուկաշենկոյի ռեժիմ», «Նազարբաեւի ռեժիմ» եւ այլն: Չնայած Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիները, որոնք հրապարակավ կարտաբերեն համապատասխան բառակապակցությունները, կարող են խնդիրներ ունենալ:

«Ռեժիմ» բառն, այսպիսով, ժողովրդավարական երկրների նկատմամբ սովորաբար չի կիրառվում, սակայն միանգամայն կիրառելի է տոտալիտար կամ ավտորիտար համակարգերի նկատմամբ: Հայաստանը, ինչպես հայտնի է, երկրորդ դեպքն է: Ավտորիտար ռեժիմի գլխսվոր հատկանիշներից մեկն է, մասնավորապես, ազատ ընտրությունների բացակայությունը, ինչը բերում է բազմաթիվ բացասական հետեւանքների, որոնց թվում՝ զուտ քաղաքական մրցակցության, գաղափարական պայքարի բացակայություն, կուսակցություններ չկայացած վիճակ եւ այլն:

Ավտորիտար ռեժիմները նույնպես տարբեր են լինում: 1993-ին «Երկրապահ կամավորական միության» («ՀՀՇ-ի ռազմական թեւի») ստեղծումից հետո մեր ավտորիտարիզմն ավելի հակվեց ռազմաբյուրոկրատական տարատեսակին: 2000-ականներից սկսած հայաստանյան ավտորիտար ռեժիմում ընդգծվում էին անձնիշխանության տարրերը: Եվ վերջապես, 2011 թվականին գարնանից եւ հատկապես Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակելուց հետո մեզ մոտ ձեւավորվում է այն, ինչ մասնագետներն անվանում են «կորպորատիվ ավտորիտարիզմ», որտեղ առկա է տնտեսական եւ սոցիալական բավականին զարգացած պլյուրալիզմ, եւ որտեղ վերնախավը պայմանավորվում է կորպորատիվ ներկայացուցչության մասին: Այդպիսի ռեժիմներ իրենց բազմազանության մեջ ներկայացված են Լատինական Ամերիկայի պետություններում:

Հայաստանում ռեժիմը մշտապես ավտորիտար էր: Վերագրել որեւէ նախագահին դրա «հեղինակային իրավունքը», իհարկե, կարելի է, բայց դա արդեն զուտ քաղաքական պայքարի շրջանակներում է: Ընդ որում, հետաքրքիր է, որ նախորդ ավտորիտար ռեժիմի գլխին կանգնած մարդկանց կողմնակիցները «ռեժիմային» մեղադրանքներ են հնչեցնում հաջորդների հասցեին: 20 տարի առաջ ինձ թվում էր, որ այդպիսի ռեժիմի պայմաններում հնարավոր է հասնել տնտեսության արդիականացման եւ բարձր ցուցանիշների՝ Սինգապուրի կամ Հարավային Կորեայի օրինակով: Բայց քանի որ վիճակն արդեն ձգվում է երկու տասնամյակ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի դեպքում քաղաքական ռեժիմը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Հետեւաբար, զուտ պրագմատիկ անհրաժեշտություն կա, որ Հայաստանը պետք է դառնա ժողովրդավարական երկիր:

Ինչպե՞ս: Առնվազն երկու քաղաքական ուժեր պնդում են, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելով: Նրանք, իհարկե, այնքան միամիտ չեն, որ հավատան սեփական պնդմանը: Մասնավորապես, նրանք շատ լավ գիտեն, որ այս պահիս Հայաստանում հնարավոր չէ անցկացնել ազատ ընտրություններ, եւ նրանք, ում ձեռքին այդ հրաժարականի պահին լինեն վարչական լծակներն ու փողը, կկեղծեն ընտրություններն իրենց օգտին: Բայց մարդկանց գլուխներում լինում են սեւեռուն գաղափարներ (idée fixe), որոնցից դժվար է հրաժարվել: Բացի այդ, 20 տարվա քաղաքական ավանդույթը պնդում է. եթե դուք չեք պայքարում Սերժ Սարգսյանի (Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի) հրաժարականի համար, ուրեմն դուք… (այստեղ կարող եք ավելացնել ցանկացած վատ բառ), դուք ուզում եք, որ ամեն ինչ մնա նույնը եւ… (այստեղ կարող եք ավելացնել ցանկացած վատ երեւույթ, որը կա Հայաստանում):

Բայց եթե այդ «ավանդական» դիրքորոշումը ճիշտ է, ապա կարելի է գրել նոր քաղաքագիտական վերլուծություն, ըստ որի՝ ընդդիմությունը պետք է համագործակցի ՀՀԿ-ի հետ, որպեսզի Հովիկ Աբրահամյանի միջոցով տապալի Սերժ Սարգսյանի ռեժիմը: Միայն թե պարզ չէ՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ռեժի՞մը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930