Ռուսաստանի Պետդուման ապրիլի 18-ին ընդունել է օրենք «Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջեւ ԽՍՀՄ ժամանակ վարկերի տրամադրման արդյունքում ԿԺԴՀ-ի Ռուսաստանի հանդեպ գոյացած պարտքի կանոնակարգման համաձայնագրի վավերացման» մասին:
ИТАРР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության կողմից վավերացման ուղարկված համաձայնագիրը արձանագրում է համաձայնությունները, որոնց կողմերը եկել են ավելի քան 20 տարի տեւած բանակցությունների ընթացքում եւ, հաշվի առնելով, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ֆինանսական, քաղաքական ե տնտեսական հարաբերությունները:
Կանոնակարգման են ենթակա նախկին ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բոլոր պահանջները եւ պարտավորությունները, որոնց արժեքները արձանագրվում են ստորագրման պահից սկսած:
Հյուսիսային Կորեայի ֆինանսական պարտավորությունների ընդհանուր չափը Ռուսաստանի հանդեպ 2012 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ կազմել է 10,96 միլիարդ դոլար:
Այս պարտքի 90%-ը չեղյալ է համարվում: Մնացած 10%-ը (1,09 միլիարդ դոլար) կմարվի 20 տարվա ընթացքում: