Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Պատարագը մատուցվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Ապրիլ 20,2014 15:14

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես ընթերականներ Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը:

Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Ս. Հարության ուղերձը, ուր, մասնավորապես ասվում է. «Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս, Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով:

Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը:

Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը… »:

Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունում են՝ ասելով. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 19-ի երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Հարության ճրագալույցի Ս. Պատարագ:

ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգի եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վաղը` ապրիլի 21-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930