Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա». Տիրան Լոքմագյոզյան

Ապրիլ 19,2014 17:10


«Թուրքիան բավականին լավ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: Դա պայմանավորված է նրանով, որ թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա: Նրանք կարծում են, թե մենք մեծ պատրաստություններ ենք տեսնում և իրենք էլ դրան համարժեք են պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց  «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: Մինչդեռ, նրա դիտարկմամբ, Հայաստանում շատ ցածր մակարդակով են պատրաստվում, և պարոն Լոքմագյոզյանը դա միայն համապատասխան ռեսուրսների բացակայության հետ չի կապում. «Մենք շատ դեպքերում կազմակերպված չենք,- ասում է նա:- Տեսեք, մենք տարբեր կառույցներ ունենք՝ ակադեմիա, համալսարան, Ցեղասպանության թանգարան և քաղաքական ու ոչ քաղաքական այլ կառույցներ, ինչպես նաև բազմաթիվ անհատներ, որոնք զբաղվում են Ցեղասպանության հարցերով, բայց նրանց կոորդինացնող որևէ կառույց չկա: Պետությունն այս առումով քաղաքականություն, ռազմավարություն չունի, և այս հարցը չի կոորդինացվում»:

Տ. Լոքմագյոզյանն ինքը պետության կողմից որևէ քայլ չի տեսնում այսօր և, նրա համոզմամբ, անգամ պետական այրերը հստակ պատկերացում, հստակ քաղաքականություն չունեն Ցեղասպանության հետ կապված: «Տեսեք, երեք նախագահ ենք ունեցել, և ամեն մեկը մի բան է ասել, ամեն մեկն իր մտքերն է արտահայտել: Եթե այսօր տարբեր քաղաքական գործիչների հարցնեք, ամեն մեկը մի բան կասի: Ինչո՞ւ: Որովհետև ամեն մեկն իր կարծիքն է արտահայտելու: Ընդհանուր քաղաքականություն չունենք»,- ասաց բանախոսը՝ նկատելով, որ թուրքերն այս առումով շատ կազմակերպված են. «Հասարակ մի բան. այն ուսանողները, որոնք արտասահման ուսանելու են գնում, նրանց մի քանի էջանոց նյութ են տալիս այն մասին, թե ինչ պիտի պատասխանեն, եթե արտասահմանում հանկարծ առնչվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունն ընդունել-չընդունելուն, պարոն Լոքմագյոզյանն ասաց, որ այն ընդունելով՝ Թուրքիան միաժամանակ ընդունում է նաև, որ ինքը ցեղասպանություն իրականացրած երկիր է, և, բացի այդ, ի հայտ է գալիս նաև հողերի վերադարձի խնդիրը: «Որևէ մեկը չի ցանկանա իր ունեցվածքից բաժանվել, եթե նույնիսկ դա գողացված է»,- հավելեց նա:

Տ. Լոքմագյոզյանն ուշադրություն հրավիրեց նաև այն կարևոր հանգամանքի վրա, որ Թուրքիան ամեն ինչ անում է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական եղելություն ներկայացնելու ուղղությամբ: «Բայց, իմ կարծիքով, Ցեղասպանությունն ավելի քիչ պատմական եղելություն է, քան իրավական և քաղաքական: Մենք պետք է ավելի շատ իրավական ու քաղաքական ոլորտների վրա հենվենք»,- ասաց նա:

Հարց-դիտարկմանը, թե այս տարվա օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Ռ. Թ. Էրդողանը նախագահ դառնալու հավակնություններ ունի: Արդյո՞ք այս դեպքում ավելի կուժեղանան հայատյաց տրամադրությունները Թուրքիայում, Տ. Լոքմագյոզյանը պատասխանեց. «Անպայման: Հակահայկական, հայատյաց տրամադրությունները միշտ էլ օգտագործվել են Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ և միշտ էլ կօգտագործվեն: Դա շատ լավ միջոց է: Բայց այնտեղ դեռ շարունակվում է «առևտուրը», այսինքն՝ դեռ չենք կարող ասել՝ Էրդողանը կլինի, թե մեկ ուրիշը, որն ավելի մեղմ տրամադրված կլինի: Ամեն դեպքում, մեղմ տրամադրվածություն, գլոբալ առումով նայելիս, չի լինի Թուրքիայում: Թուրքիան իր ընդհանուր քաղաքականությունն ունի, և Էրդողանի գնալ-գալով դա չի փոխվի»:

Ինչպե՞ս է ապրում Թուրքիայի հայ համայնքն այսօր:

«Ինչպես միշտ, կիսապատանդի կարգավիճակում է: Իհարկե, Թուրքիան միշտ ցույց է տալիս, թե շատ լավ է վերաբերվում հայերին, փոքրամասնություններին, բայց այստեղ էլ հետաքրքիր մոտեցում կա. ասում են՝ մեր հայերը, մենք նրանց լավ ենք պահում, կարծես թե այնտեղի հայերը ակվարիումի ձկներ են, իրենք էլ լավ են կերակրում և պահում: Իրականում, այդ մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են, և այդտեղ որևէ ղեկավար չպիտի ասի՝ մենք մեր հայերին լավ ենք պահում: Նրանք որպես լիիրավ քաղաքացիներ պիտի ընդունվեն»,- ասաց պարոն Լոքմագյոզյանը՝ հավելելով, որ Թուրքիայում հայերի նկատմամբ միշտ էլ եղել է և կա խտրական վերաբերմունք. «Իհարկե, Թուրքիան այլևս այնպես չի անում, ինչպես, ասենք, հարյուր տարի առաջ՝ կոպիտ, ուժային միջոցներով (թեև դրանք հիմա էլ են երբեմն լինում): Քանի որ աշխարհը փոխվել է, նա այլևս չի կարող ուժային կոպիտ միջոցներ կիրառել, բայց «տակից», երբեմն նույնիսկ օրենքով անելու շատ ձևեր կան»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930