Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողբերգական էջերի կողքին շատ կարեւոր է, որ հայտնվեն հերոսական էջերը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 19,2014 12:37

Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ
   
   -Պարոն Մանուկյան, պատմաբանները պնդում են, որ այսօր անհրաժեշտություն է առաջացել այլ դիտանկյունից ներկայացնել Հայոց ցեղասպանության պրոբլեմը թե՛ մեզ եւ թե՛ միջազգային հանրությանը: Ի՞նչ նոր մոտեցումների մասին է խոսքը։ 
   – Վերջին 3-4 տարիներին նկատում եմ, որ շատերը Ցեղասպանության թեմայից գիտակցորեն կամ անգիտակցաբար խուսափում են: Պատճառը թերեւս այն ապատիկ տրամադրություններն են, որ լրատվամիջոցները փոխանցում են խնդիրը լուսաբանելիս: Նրանք հիմնականում փորձում են հայերին զոհի կարգավիճակում ներկայացնել, ինչն էլ մարդկանց մեջ հակազդեցություն է առաջացնում։ Մարդիկ չեն ուզում ընդունել, որ հայը պարբերաբար խղճահարություն է քարոզում ինքն իր հանդեպ: 
   Ի դեպ, այդ բարդույթը ստեղծվել է խորհրդային տարիներին: Այն խորհրդային իշխանությունների պետական քաղաքականության ուղղություններից էր: Այդպիսով փորձ էր արվում ներկայացնել ռուսների ուժը, զորությունը եւ հայերի անզորությունը, որի պատճառով մեզ կոտորել են: Իսկ խորհրդային իշխանությունը փրկել է մեզ, եւ արդյունքում ապահով երկրում ենք ապրում: 
   Պատահական չէ, որ ցեղասպանության հուշահամալիրը բացվել է 1967թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման օրը: Դա ներկայացվեց որպես հայի փրկության հուշահամալիր, փրկություն, որ Խորհրդային Միությունը բերեց: Այդ հոգեբանությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ 
   Անհրաժեշտ է փոխել շեշտադրումները` ողբերգական էջերի կողքին շատ կարեւոր է, որ հայտնվեն հերոսական էջերը: Հրեաները իրենց հոլոքոստի օրը նշում են որպես հոլոքոստի զոհերի եւ հերոսների օր: Իսկ մենք ապրիլի 24-ը սգում ենք որպես զոհերի օր: Մինչդեռ պետք է ներկայացնել նաեւ հերոսական կողմերը: 
   Շատ քիչ ժողովուրդներ կկարողանային վերապրել այդ սարսափելի ողբերգությունը, վերապրել ու հզորանալ, Սարդարապատում հաղթել ու 20-րդ դարում պետականություն ստեղծել: Իսկ մենք լռում ենք այդ մասին: Լռում ենք նաեւ, որ գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել: 
   Այսօր արդեն արխիվները բաց են, եւ մենք կարդում ենք այդ մասին արխիվային փաստաթղթերում: Եթե ժամանակին հատուկենտ ինքնապաշտպանական մարտերի մասին գիտեինք, ապա այսօր ակնհայտ է, որ բոլոր գյուղերում են հայերը դիմագրավել: Շեշտադրումը սրանց վրա դնելով` փորձենք ձերբազատվել ճնշվածի, զոհի հոգեբանությունից: Նաեւ աշխարհին ցույց տալ, որ կամք ունենք, զորություն ու դիմագրավելու պատրաստակամություն: Ցանկալի է, որ ապրիլի 24-ին ընդառաջ նման ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին ավելի շատ գրեն, դա շատ ոգեւորիչ է:
   Ցեղասպանության թեման նաեւ շատ զգայական է մեզ համար։ Բայց պետք է հասկանանք, որ թեման պետք է տեղափոխել գիտակցական դաշտ: Հարցեր տանք եւ փորձենք գտնել հարցերի պատասխանները: Օրինակ, որտե՞ղ թերացանք, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ ողբերգությունը տեղի ունենա: Ի՞նչ սխալներ գործեց մեր վերնախավն այն ժամանակ։ Կամ` ի՞նչ ճանապարհով ընթանալ արդարության վերականգնման համար: 
   Այս հարցերը պատասխանների են սպասում, եւ լրատվամիջոցների ազդեցությունը հենց դրանում կարող է լինել, որ կարողանա այս հարցերը բարձրացնել, քննարկումների դաշտ ստեղծել:
   – Արդյոք ցեղասպանության թեման մեզ` հայերիս ու միջազգային լսարանի համար նույնությա՞մբ պետք է մատուցվի: Գուցե դրսի հանրությանը Ցեղասպանության թեմայով հետաքրքրելու համար մատուցման ա՞յլ ձեւեր են հարկավոր:
   – Իհարկե: Այն, ինչ մեզ համար հետաքրքիր է, օտարին կարող է չգրավել: Դրա համար օտարերկրյա լսարանի համար աշխատելիս պետք է փորձել նախ ներկայացնել դարասկզբի հայկական քաղաքակրթությունը, քանի որ զարգացած քաղաքական հասարակության կործանման պատմությունը կարող է ցնցող տպավորություն թողնել: Օտարի համար հեռավոր ինչ-որ երկրում երկու ազգերի պայքարում մեկի կոտորածը բոլորովին հետաքրքիր չէ, իսկ երբ դուք փորձում եք ցույց տալ ողբերգության քաղաքակրթական արժեքը, դահիճին եւ զոհին տարբեր աստիճանների վրա եք ներկայացնում, ցույց տալիս, որ հայ ուսյալ, առաջադեմ, զարգացած հասարակությունը զոհ դարձավ հետամնաց, իր հարցերը բացառապես բռնի ուժով լուծող ցեղին, դա արդեն այլ ազդեցություն է ունենում: 
   Բացի դրանից, եթե հնարավոր է՝ պետք է փորձել մեր ողբերգությունը կապել այս կամ այն ազգի հետ: Ազդեցիկ է նաեւ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային համատեքստում ներկայացնելը: Երբ մեր ողբերգությունը դնում ենք հոլոքոստի, այլ ազգերի կոտորածների կողքին` արձագանքը շատ ավելի մեծ է լինում ու ավելի կարեւոր:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930