Լրահոս
Օրվա լրահոսը

Խնձորով անուշաբույր կարկանդակ (տեսանյութ)

Ապրիլ 19,2014 13:37

Շերտավոր խմորով պատրաստվող այս անուշաբույր կարկանդակն այնքան համեղ է եւ յուրահատուկ, որ մեկ անգամ փորձելուց հետո պարբերաբար առիթ եք փնտրելու այն պատրաստելու համար:

d-7 d-8

Անհրաժեշտ մթերքները
400 գրամ շերտավոր խմոր
5-6 հատ խնձոր
1 նարինջ
մի կտոր՝ 4-5 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղ (имбирь, ginger)
50 գրամ կարագ
կես բաժակ շաքարավազ
3-4 ճաշի գդալ կոնյակ
մեկ ձվի դեղնուց

d-6 d-5 d-4

Պատրաստման եղանակը

Խնձորը լվանալ, մաքրել, կտրատել, լցնել խորը թավայի մեջ, վրան լցնել կարագը, շաքարավազը եւ դնել կրակին: Հենց կարագն ու շաքարավազը հալվեն, ավելացրեք մանր անցքերով քերիչով քերած նարնջի կեղեւն ու կոճապղպեղը, որը նույնպես պետք է մաքրել: Թողնել հինգ րոպե եփվի, ապա խնձորի վրա լցնել կոնյակը (կամ եթե ունեք՝ խնձորի բրենդի՝ կալվադոս կամ նարնջի լիկյոր՝ ալկոհոլի բարձր պարունակությամբ) եւ անմիջապես լուցկին վառել եւ հպել ալկոհոլին:
Հենց կոնյակը բոցավառվի, վերջանա (ալկոհոլով մթերքի այրումը կոչվում է ֆլամբե), գազօջախը անջատել, թողնել խնձորը սառչի:

d-3 d-2

Միացնել ջեռոցը՝ 220 աստիճանի վրա, որ տաքանա: Այդ ընթացքում բացել շերտավոր խմորը, ծակծկել պատառաքաղով՝ խմորի ողջ ծավալով մեկ: Խմորի մեջտեղում դնել արդեն սառած խնձորի միջուկը: Շատ հավանական է, որ խնձորը բավականին հյութեղ լինի, աշխատեք հյութը թողնել թավայի մեջ, չդնել խմորի վրա: Խմորը մի կողմից վրա բերել, վրան քսել ձվի հարած դեղնուցը, ապա մյուս կողմից բերել, ծածկել: Այսպիսով, դեղնուցը սոսնձող դեր կունենա եւ խմորը չի բացվի: Վրայից էլ դեղնուց քսել, պատառաքաղով ձեւավորել, դնել արդեն լավ տաքացած ջեռոցը: Կարելի է խմորի վրա սեւ ու սպիտակ քունջութ լցնել կամ կակաչի սերմ:
Եփել 15-20 րոպե, մինչեւ խմորի երեսը լավ կարմրի: Հանել ջեռոցից, թողնել սառչի, նոր կտրել:

Վստահեցնում եմ, որ կարկանդակի բույրը ձեզ անտարբեր չի թողնի, իսկ համը՝ առավել եւս:

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930