Ջուսը կամուսնանա, բայց դա իր վառ կերպարների վրա չի անդրադառնա
Ջուսը յուրօրինակ կերպար է, ամեն անգամ յուրովի ներկայանալը նրա համար հաճույք է եւ էքստրիմ: Նրան հաճույք է պատճառում ամեն անգամ նոր կերպարով հանդես գալը, վարսերը տարօրինակ ու ոչ շաբլոն գույներով ներկելը: Ջուսը չի սիրում երկար ժամանակ նույն կերպարի մեջ լինել:
Իսկ ինչ վերաբերում է հագուստին, նա մի անգամ հասարակությանը ներկայացավ նույնիսկ բեմական վարտիքով, որը ցնցեց բոլորին: Ջուսն այն մարդկանցից է, որը քննադատություններին լավ է վերաբերվում, դրանից ավելի է ոգեւորվում եւ իր խոսքով՝ ավելի «գժական» կերպարներ ստանում:
Ասում է՝ նախկինում իր կերպարների վրա ինքն էր աշխատում, իսկ այժմ համագործակցում է Atex -ի, Միկա Դանիելյանի, Լիլիթ Մարգարյանի եւ այլ մոդելավորողների հետ: Ջուսի անունը նախկինում Յանինա էր, սակայն բոլորը նրան «Ջուս» էին ասում իր էկզոտիկության համար: 2004թ.-ին, երբ համագործակցում էր իր առաջին՝ Lover տեսահոլովակի պրոդյուսեր Էսնթոնի Հայսկամպի հետ, նա առաջարկեց, որպեսզի ներկայանա որպես Ջուս: Բայց քանի որ Նիդեռլանդներում կա «Ռադիո Ջուս», իսկ Ճապոնիայում «Ջուս» անունով խումբ, որոշեցին, որպեսզի իր անունն էլ անձնագրով փոխվի, քանի որ կստացվեր, որ «գողացել» է ուրիշի անուն: Ջուսը միշտ է ներկայանում խենթ եւ անսովոր կերպարներով: Օրինակ՝ 2010թ.-ին առաջին ձայնասկավառակի շապիկի վրա՝ նա նստած էր զուգարանի վրա: Կամ «Ռեինկարնացիայի» «Սիրունիկ ես» տեսահոլովակում Ջուսի կերտած հերոսը միզում էր պատին: Աղմկահարույց էր նաեւ այն դրվագը, երբ Կամոբլոգի James Bond փարթիի ժամանակ Ջուսը ոչ միայն երգեց James Bond-ի ֆիլմերից մեկի սաունթրեյքը, այլեւ բեմի վրա համբուրեց մի աղջկա շուրթերը, ինչը մեծ սկանդալ առաջացրեց:
Ջուսը չի ցանկանում հրաժարվել իր կերպարից: Նա արդեն ընտրյալ ունի՝ ֆրանսիահայ բիզնեսմեն Ռիչարդ Ռոբերտոն, որի հետ նա նշանվեց երեկ՝ երեւանյան ակումբներից մեկում: «Ռիչարդն ինձ սիրում է հենց նրա համար, որ տարբերվում եմ բոլորից: Նա ուզում է, որ ավելի «գժական» լինեմ, քան կամ: Ընտրյալս ինձանից խենթ է: Ուզում է, որ ավելի վառ հագնվեմ, ավելի համարձակ լինեմ»,- հայտնեց երգչուհին, հավելելով, որ առաջիկայում իրեն ավելի խենթ եւ համարձակ կերպարներում կտեսնենք:
Կարդացեք նաև
Ջուսի կերպարի մասին խոսեցինք ոճաբան, Atex Fashion-ի հիմնադիր Կարինա Դնոյանի հետ: «Ճիշտն ասած, շատերն են Ջուսին քննադատում՝ կերպարի հետ կապված, այդ ոճը կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ: Բայց ես գտնում եմ, որ այն յուրահատուկ է այն կերպարին եւ երաժշտությանը, որի «մեջ» ինքն է երգում: Այն ոճի երգչուհի, ինչպիսին Ջուսն է, պե՛տք է լիներ էպոտաժային, միգուցե շատերի համար անճաշակ, բայց հենց այդ կերպարով»,- համոզված է Կարինա Դնոյանը: Կոմպոզիտոր Գուժը (Դուրգարյանի հետ համագործակցում է եւ հանդես է եկել «Stop» տեսահոլովակով) Ջուսի մասին հետեւյալ կարծիքի է. «Ջուսն առանձնանում է իր կերպարով, ոճով, բայց միեւնույն ժամանակ չեմ կարող իրեն համարել մոդայիկ, քանի որ մոդայիկ համարվում են այն մարդիկ, ովքեր չունեն անհատականություն եւ շարժվում են այն միտումներով, ինչ թելադրում է տարին: Ջուսի համար նշանակություն չունի, թե այդ տարի որ գույնը կամ սանրվածքն է ավելի մոդայիկ, նա անում է այն, ինչ իրեն դուր է գալիս: Հաճախ, երբ ներկա ենք գտնվում որեւէ հավաքույթի, Ջուսի հայտնվելուն պես՝ բոլորի ուշադրությունը սեւեռվում է իր վրա, իսկ դա վկայում է այն մասին, որ Ջուսը վառ անհատականություն է՝ թե որպես արտիստ, թե որպես անձ»:
Tonoght տեսահոլովակում երգչուհու հետ հանդես եկած Կարեն Օհանյանն էլ Ջուսին բնորոշում է իբրեւ անմիջական, բարի, պրոֆեսիոնալ մարդ. «Երբ առաջարկեց միասին երգել, մեծ հաճույքով համաձայնեցի: Մինչ այդ, նրան չէի ճանաչում, տեսել էի միայն էկրանին: Երբ ծանոթացա, տպավորությունն ավելի լավ էր, քան սպասում էի»:
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ