Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկները Հայաստանը կներկայացնեն Բրազիլիայում

Ապրիլ 19,2014 14:01

Ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը թեեւ Հայաստանի հավաքականը, ցավոք, չի մասնակցի, սակայն նույն ժամանակահատվածում, այդ երկրում առաջին անգամ Հայաստանը կներկայանա «Ես կարող եմ» մանկապատանեկան ստեղծագործական արվեստանոց սաների անիմացիոն աշխատանքներով: Բնապահպանական թեմայով աշխատանքներից որոշները արժանացել են ճանաչված անիմատոր Մարսելո Մարաոյի ուշադրությանը, որի միջնորդությամբ էլ հայ մանուկների գործերը ներառվել են փառատոնի ցուցադրությունների ցանկում:

Արեւիկ Աստաբացյանի հիմնադրած եւ շուրջ 2 տարի գործող «Ես կարող եմ» անիմացիայի արվեստանոցը հասցրել է ճանաչում ձեռք բերել հանրության շրջանում: Սաներն աշխատում են ներկերով, ծեփամածիկով եւ տեսանկարահանման սարքերով: Ավելին, նրանք ձեւավորում են նաեւ էլեկտրոնային գրքեր ու տիկնիկներ՝ իրենց իսկ բեմադրությունների համար:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արեւիկ Աստաբացյանը հայտնեց, որ փոքր տարիքում իր չիրականացած երազանքը ցանկացել է իրականություն դարձնել: Արեւիկը հասցրել է մասնակցել անգլիական «Ջեյման» ֆիրմայի հայտարարած մրցույթին եւ իր «Տիտանիկ» ֆիլմով արժանացել «Անիմացիոն լավագույն ֆիլմ» մրցանակին:

«Ես կարող եմ»-ը պատրաստվում է մայիսի 26-ին ներկայացնել արվեստանոցի առաջին շրջանավարտների ցուցահանդեսին, ինչպես նաեւ մտադրություն կա որեւէ հրատարակչությունում տպագրել իրենց ալբոմները: Այսքանով չի սահմանափակվում արվեստանոցի աշխատանքը: Սաների համար մշտապես հանդիպումներ են կազմակերպվում մեր անվանի արվեստագետների հետ: Իսկ ստուդիայի ղեկավարն այս ամենի հետ միասին հասցնում է բաց չթողնել դասախոսությունները Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, որտեղ ուսանում է բեմանկարչության ֆակուլտետում: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքներին, նա իր կոլեգաների՝ Հովհաննես Հակոբյանի, Վլադիմիր Մայիլյանի եւ Լեւոն Պետրոսյանի հետ այս օրերին մասնակցում է Կինոկենտրոնի պատվերով Հովհաննես Հակոբյանի սցենարով նկարահանվող «Կույրը» ֆիլմի աշխատանքներին: Հարցին, թե ինչո՞ւ հայաստանյան TV-ներով քիչ են ցուցադրվում մեր արվեստագետների անիմացիոն ֆիլմերը, Արեւիկի պատասխանը հակիրճ էր. «Ունեմ չորս-հինգ ֆիլմ: Ուղղակի ժամանակս չի բավարարում համագործակցել TV-ների հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930