Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կանի` ինչպես միշտ. «168 ժամ»

Ապրիլ 19,2014 10:40

Ապրիլի 17-ին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ վարելով կառավարության նիստը` Հովիկ Աբրահամյանը խոսեց փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցելու, նրանց հարկային արտոնություններ տալու մասին:

Մեր տեղեկություններով` այդ համատեքստում առաջիկայում Ազգային ժողովը կարող է փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ և մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին ազատել շրջանառության հարկից:

Թվում է, թե սա հսկայական աջակցություն է ՓՄՁ-ներին: Օրինակ, եթե որևէ փոքր ձեռնարկություն ունի տարեկան 10 միլիոն շրջանառություն, նա վճարում է դրա 3,5 տոկոսը` 350 հազար դրամ` որպես շրջանառության հարկ: Եթե կառավարությունն իսկապես նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, և այն ընդունվի, ապա ձեռնարկությունը տարեկան կխնայի 350 հազար դրամ, և այդ գումարը կարող է օգտագործել իր գործն ընդլայնելու համար: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան հրաշալի է, որքան թվում է առաջին հայացքից:

Հայաստանում գործում են մոտ 80 հազար ընկերություններ, այսպես ասած, հարկատուներ: Նրանցից 60 հազարը փոքր և միջին ձեռնարկություններն են: ՓՄՁ են համարվում այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոն դրամը: Սրանից ավելի շրջանառություն ունեցողներին համարում են խոշոր: Հայաստանի 60 հազար ՓՄՁ վճարում են բյուջեի ընդամենը 5 տոկոսը, իսկ խոշորները մնացած 95-ը: Այսինքն, եթե կառավարությունը ՓՄՁ-երին ազատեր շրջանառության հարկից, ապա կվտանգեր բյուջեի եկամտային մասի ընդամենը 5 տոկոսը, բայց դրա փոխարեն` 60 հազար տնտեսվարողների իրենց բիզնեսն ընդլայնելու հավելյալ հնարավորություն կտար: Բայց կառավարությունը կարծես թե որոշել է հարկային արտոնություն տալ ոչ թե փոքր և միջին ձեռնարկություններին, այլ ընդամենը փոքրերին: Կառավարությունը կազմել է հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մի հայեցակարգ, որով առաջարկվում է շրջանառության հարկից ազատել մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին:

Կառավարության հաշվարկներով այսպիսի ընկերությունները Հայաստանում 47 հազար են: Թվում է, թե էլի վատ չէ. 47 հազար տնտեսվարող կազատվի շրջանառության հարկից: Բայց կրկնում ենք. սա ընդամենը` առաջին հայացքից: Գործող օրենսդրության համաձայն` ՓՄՁ-ները ունեն այլ արտոնություն. նրանց փաստաթղթաշրջանառությունը պարզեցված է. նրանք պարտավոր չեն ունենալ ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ: Օրինակ, հարկային մարմինները չեն կարող մտնել որևէ փոքր խանութ և պահանջել, որ խանութի սեփականատերը ներկայացնի փաստաթուղթ, թե որտեղից կամ ինչ գնով են ձեռք բերվել խանութում վաճառվող ապրանքները: Միակ պահանջը, որ ներկայացնում են հարկային մարմինները, այն է, որ խանութը տա ՀԴՄ, որով էլ որոշվում է խանութի շրջանառությունը և նրա կողմից վճարվելիք հարկի չափը:

Այս սխեմայի պայմաններում, խանութը քիչ ՀԴՄ է դակում, որպեսզի փոքր շրջանառություն ցույց տա և քիչ հարկ վճարի: Հարկային մարմինները գիտեն դրա մասին, և հարկային տեսուչը երբեմն-երբեմն այցելում է խանութ և գումար պահանջում, կամ իր համար, կամ տուգանքի ձևով` հարկայինի ամսական պլանը կատարելու համար: Բայց արդյունքը լինում է այն, որ իրականում 20 միլիոն շրջանառություն ունեցող խանութը ցույց է տալիս 8 միլիոն շրջանառություն: Ազատելով 8 միլիոն պաշտոնական շրջանառություն ունեցող խանութին շրջանառության հարկից, պետությունը նրա առջև պահանջ է դնում ունենալ ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր:

Հարկային մարմիններն այս անգամ խանութի շրջանառությունը հաշվարկելու են ոչ թե նրա դակած ՀԴՄ-ի թվով, այլ հաշիվ- ապրանքագրերում գրված թվերը գումարելով: Եթե այս խանութն իսկապես իր կողմից ձեռք բերված բոլոր ապրանքների համար հաշիվ-ապրանքագրեր պահանջի, ապա նրա շրջանառությունը կանցնի 10 միլիոնից, և նա դուրս կմնա արտոնյալ հարկատուների ցանկից:

Իսկ եթե հաշիվ-ապրանքագրեր չվերցնի, ապա հարկայինի տեսուչը նրան հիմա էլ կտուգանի համապատասխան փաստաթղթերի բացակայության համար: Բացի այդ փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց հիմնական մասն առևտրային են, իրենց կողմից իրացվող ապրանքները ձեռք են բերում խոշոր ընկերություններից` ներկրողներից, որոնք սովոր չեն հաշիվ- ապրանքագրեր տրամադրել` գերադասելով աշխատել ստվերում: Ինչպես պետք է փոքր ընկերությունները ստիպեն խոշորներին աշխատել օրինական դաշտում, եթե դա չի հաջողվում անգամ պետությանը:

Հարկային մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ եթե ՓՄՁ-ներին ազատեն շրջանառության հարկից, ապա նրանք կստիպեն մեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերություններին` իրենց հաշիվ-ապրանքագրեր տրամադրել, քանի որ իրենք են ստիպված լինելու հետագայում տույժեր ու տուգանքներ վճարել:

 «Նման օրենսդրական փոփոխություն ընդունելու դեպքում մենք 47 հազար տնտեսվարողի հանում ենք մի քանի խոշոր ներկրողների դեմ, և նրանք կստիպեն խոշորներին աշխատել օրինական դաշտում»,- մտածում են այս փոփոխության հեղինակները: 

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930