Ի՞նչն է «սինխրոնացել» 9 տարվա ընթացքում
«Առաջ ես գիտեի՝ սա գերազանց ուսանող է, սա՝ լավ, սա՝ բավարար, իսկ սա ընդհանրապես բանի պետք չէ: Իսկ հիմա պետք է ինչ-որ թվեր գումարեմ-հանեմ` հաճախելիությունից մինչեւ «ինքնուրույն մտածողություն», գնահատական դնեմ 20 բալանոց համակարգով: Պարզ չի՞, որ ես դա անելու եմ աչքաչափով եւ չեմ ցանկանա ժամանակ ծախսել այդ հաշվարկների ու մանրամասների վրա, որովհետեւ ես հիմա էլ գիտեմ, թե ով ինչի է արժանի»: Այդպիսին է միջին տարիքից բարձր ցանկացած դասախոսի մոտեցումը, այսպես կոչված, «բոլոնյան պրոցեսի» նկատմամբ: Այսինքն՝ առ այսօր՝ 9 տարի անց այն պահից, երբ Հայաստանը դարձել է այդ կրթական գործընթացի լիիրավ անդամ, դասախոսների եւ ուսանողների մեծ մասի վերաբերմունքը դրա հանդեպ հետեւյալն է՝ ձեւականություն է, հավելյալ բյուրոկրատական քաշքշուկ, որը կրթության որակի հետ առանձնապես կապ չունի:
Եվրոպական միասնական կրթական տարածքի գաղափարն, իհարկե, գայթակղիչ է: Համադրելի ծրագրերն ու դիպլոմները, որոնք ընդունելի կլինեն այդ ամբողջ տարածքում, նույնպես շատ ցանկալի են: Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ դրանք իսկապես համադրելի են, ասենք, Երեւանի պետական համալսարանի եւ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանների դիպքում: Վերջինիս շրջանավարտն, իհարկե, հարգանքով կընդունվի մեր երկրում. ուրիշ հարց՝ կկարողանա՞ արդյոք կիրառել իր գիտելիքներն, ասենք, հայաստանյան կենսաբանության կամ տնտեսագիտության բնագավառներում: Չեմ կարծում, որ Հայդելբերգում նույն պատկառանքը կունենան ԵՊՀ-ի դիպլոմի նկատմամբ: Իհարկե, մեր փայլուն շրջանավարտն այնտեղ ըստ մասնագիտության աշխատանք կգտնի, կամ մեր փայլուն ուսանողը կկարողանա Գերմանիայում շարունակել ուսումը: Բայց դա հնարավոր էր նաեւ այն ժամանակ, երբ ոչ մի բոլոնյան գործընթաց չկար, բակալավրիատ-մագիստրատուրա բաժանում չկար, այդ փայլուն ուսանողի գնահատականը «5» էր, ոչ թե «20», եւ նա սովորելու ընթացքում ոչ մի «կրեդիտ» չէր հավաքում: Այդ դեպքում ի՞նչն է ինչի հետ «սինխրոնացել» այս 9 տարվա ընթացքում:
Բակալավրիատի եւ մագիստրատուրայի բաժանման մասին: Հայաստանյան մասնավոր գործատուի համար կարեւո՞ր է արդյոք՝ մասնագետն ավարտել է առաջի՞ն, թե՞ երկրորդ աստիճանը: Դա պետք է թերեւս պետական որոշ հիմնարկներին, բայց այնտեղ, ըստ ամենայնի, չափանիշները ձեւական են, ոչ թե բովանդակային: Ուսանողների մեծ մասն էլ ասում է, որ մագիստրատուրայում սովորաբար կրկնվում են այն առարկաները, որոնք անցել են բակալավրիատում, եւ նոր գիտելիքներ դրանց չեն ավելանում:
Կարդացեք նաև
Բոլոնյան գործընթացին միանալու մեր իշխանության եւ կրթության պատասխանատուների խանդավառությունը հատկապես մեծ էր անցած տարվա սեպտեմբերի 3-ից առաջ: «Գործընթացն ունի խորը քաղաքական իմաստ. միավորված Եվրոպայի ստեղծումը՝ միասնական քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտով, անհնար է առանց միասնական կրթական տարածքի»,- 2010 թվականի մարտի 16-ին ասում էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այժմ տվյալ քաղաքական բաղադրիչը եթե ոչ ամբողջապես վերացել է, ապա զգալիորեն նվազել է: Մաքսային միության երկրներից Ռուսաստանն ու Ղազախստանը նույնպես Բոլոնյան գործընթացի լիիրավ անդամ են, սակայն այդ երկրներում էլ ձայներ են հնչում, որ համակարգը եվրոպական եւ ոչ թե ԱՊՀ-ի աշխատաշուկայի համար է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարել է, որ Մաքսային միությունում առայժմ դրված չէ Բոլոնյան գործընթացի օրինակով միասնական կրթական տարածքի ստեղծման հարցը: Առայժմ խոսք կարող է լինել միայն դիպլոմների փոխադարձ ճանաչման եւ ուսանողների ազատ տեղաշարժի մասին: Երեւանում Վալովայան հայտարարել է, որ Հայաստանից սպասում են նման նախաձեռնությունների: Բայց, կարծում եմ, ամեն ինչ չէ, որ կախված է մեր նախաձեռնություններից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անկախ այն հանգամանքից, թե շրջանավարտը Բոլոնյան կրթական համակարգի շրջանակներում է դիպլոմ ստացել, թե ոչ, մեզ նման երկրների ուսանողների հանդեպ զարգացած երկրներում կան բազմաթիվ կարծրատիպեր, դրանցից ամենատարածվածը՝ մեր ԲՈՒՀ-երում տիրող կոռուպցիան: Եթե իրոք հարգարժան պրն. Աշոտյանը ցանկանում է մեր ուսանողների համար արտերկրում սովորելու և աշխատելու հնարավորություններ ստեղծել, առաջին հերթին պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: ԲՈՒՀ-երում տիրող բառիս բուն իմաստով շուկայական հարաբերությունների արդյունքում նույնիսկ ներքին աշխատաշուկայում լավ գիտելիքներ ունեցող և այդ գիտելիքների շնորհիվ ԲՈՒՀ-ն ավարտած մասնագետի գիտելիքներին չեն հավատում:
Ու դասախոսին գոնե այնքան աշխատավարձ վճարել, որպեսզի նա կարողանա դասախոսին արժանավայել կյանքով ապրել, իսկ իր ոլորտի լավ մասնագետը ցանկություն հայտնի ԲՈՒՀ-ում դասավանդելու: