Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից

Ապրիլ 19,2014 14:55

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են
բլոգերներ Իզաբելլա Աբգարյանը եւ Կարեն Թումանյանը

Արամ Աբրահամյան.- Արդյոք «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալը լուրջ վերադասավորումների առիթ կդառնա՞ Ազգային ժողովում եւ քաղաքական կյանքում:

Իզաբելլա Աբգարյան.- Հաշվի առնելով «Օրինաց երկրի» թե բովանդակությունը, թե քանակային կշիռը՝ չեմ կարծում, որ դա մեծ փոփոխությունների կհանգեցնի: Առհասարակ այդ ուժը վաղուց արդեն հետաքրքրություն չի առաջացնում ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական դաշտում: Կարծում եմ, որ իրենց դուրս գալու հետ կապված որեւէ փոփոխություններ կամ բեկումնային ինչ-որ իրադարձություններ սպասելն անիմաստ է:

Կարեն Թումանյան.- Կտրականապես դեմ եմ ասվածին, չնայած ՕԵԿ-ական չեմ: «Օրինաց երկիրը» միշտ էլ իր ասելիքը ունեցել է, հիմա էլ, թեեւ քաղաքական ուժերն այլ կերպ են ուզում ներկայացնել, բայց «Օրինաց երկիրը» դե ֆակտո միշտ իրենից ուժ է ներկայացրել, եւ դրա համար կա մի քանի պատճառ: Նախ՝ ինքը լուրջ սոցիալական հիմքերի վրա է իր ֆորմատը դասավորել:

Ա. Ա.– Կլինե՞ն վերադասավորումներ:

Կ. Թ.- Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական մթնոլորտն ու կառուցվածքը` կարող է եւ չլինեն, բայց յուրաքանչյուր զարգացած երկրում նմանատիպ քաղաքական ուժի՝ կոալիցիայից դուրս գալը մեծ վերադասավորումների կբերեր:

Ա. Ա.– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ որոշումը ընդունվեց, Արթուր Բաղդասարյանը ի՞նքն էր ուզում դառնալ վարչապետ, թե՞ նրան դուր չի գալիս ներկայիս վարչապետի անձը:

Ի. Ա.– ՕԵԿ-ի տարածած հայտարարությունից արդեն իսկ պարզ է, որ վարչապետի թեկնածության վերաբերյալ խոսակցություն եղել է, եւ այդ ախորժակը Արթուր Բաղդասարյանն ունեցել է, եւ կարծում եմ, որ հիմնական պատճառը, իհարկե, դա է: Իր այդքան հավատարիմ լինելը իշխանություններին, թուք ու մուր ստանալով ընդդիմադիր հատվածից եւ առհասարակ ժողովրդի կողմից` նա կարծում էր, երեւի, որ դրա դիմաց արժանի էր այդ պաշտոնին, եւ հիմա փորձելու է, ըստ իս, իր ուժերը ընդդիմադիր դաշտում: Բայց դա կրկին ոչ մի բանի չի հանգեցնի, որովհետեւ գոյություն ունի վստահության քվե, իսկ այդ քվեն Արթուր Բաղդասարյանի եւ իր կուսակցության մոտ վաղուց սպառված է:

Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ Արթուր Բաղդասարյանը չդարձավ վարչապետ, նեղացավ ու գնաց:

Կ. Թ.- Ոչ, սկսենք նրանից, որ այս կոալիցիայից դուրս գալու պրոցեսը ծագել էր ավելի վաղ, ուղղակի այս կառավարության նշանակումը կարծես վերջին կաթիլն էր: ՕԵԿ-ը մի քանի տասնյակ օրինագծերի հեղինակ է, որոնք կառավարությունը մերժել է: Օրինակ՝ սուպերմարկետների տեղակայման սահմանափակումների մասին նախագիծը առայսօր չի ընդունվել, որի արդյունքում 1200 փոքր ու միջին խանութ արդեն փակվել են:

Ա. Ա.– Բայց ինչո՞ւ, այնուամենայնիվ, հայտարարության մեջ գրված է, որ մենք ուզում էինք մասնակցել վարչապետի նշանակմանը, բայց այդպես չեղավ:

Կ. Թ.– Նախագծերը, երբ որ օրենք են դառնում, դա հատուկ տեխնոլոգիա է, այսինքն՝ առաջադրում է կուսակցությունը, ու սպասում են կառավարության եզրակացությանը, բնականաբար՝ Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, իր կառավարության ներկայացուցչով՝ Տիգրան Սարգսյանով, գրեթե բոլոր ազգանպաստ օրենքի նախագծերը միշտ, այսպես ասած, «թոզլամիշ» է արել:

Ի. Ա.– Իսկ ինչո՞ւ այսքան սպասեցին, առաջին տարին չի, չէ՞, որ ՕԵԿ-ը այդ կոալիցիայում է:

Կ. Թ.- Յուրաքանչյուր քաղաքական ուժ միշտ ինչ-որ ակնկալիքներ ունի, որ այսքան երկար չի կարող կառավարությունը «ձգել», սա իրոք վերջին կաթիլն էր, որովհետեւ նրանք հույս ունեին, ըստ իս, որ հիմա Արթուր Բաղդասարյանը կդառնար վարչապետ:

Ա. Ա.– ՕԵԿ-ը կոալիցիայի մեջ մտել է 2003թ.-ից, նա չգիտե՞ր, որ չի կարող ազդել որոշումների վրա: Միայն հիմա՞ դա պարզ դարձավ:

Կ. Թ.- Դուք համարում եք, որ կոալիցիան միայն հնարավոր է այն դեպքում, երբ 50/50 է հարաբերակցությունը:

Ա. Ա.- Ոչ, ես կարծում եմ, ճիշտն ասած, կոալիցիան հնարավոր է այն դեպքում, երբ բացարձակ մեծամասնություն չունի որեւէ կուսակցությունը, եւ նա կարիք ունի, որ որեւէ փոքր կամ մեծ կուսակցություն իրեն միանա, որպեսզի նա ունենա մեծամասնություն:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930