Լրահոս
Օրվա լրահոսը

Որ մին զարկի, ջարդի հազար. «168 ժամ» 

Ապրիլ 19,2014 10:10


Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը որևէ փոփոխություն չի կարող արձանագրել: Բովանդակային առումով, գուցե այդ տեսակետի հեղինակներն իրավացի են:

Հայաստանն այնպիսի վիճակում է, և քաղաքական համակարգն այնպիսի կանոններով է գործում, որ նույնիսկ Ադամ Սմիթն ու Քեյնսը վարչապետի պաշտոնում չէին կարողանա որևէ բան փոխել: Բայց Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ «տեսարաններն» ավելանում են գրեթե նույն արագությամբ, ինչ արագությամբ` նվազում է «հացը»: Իսկ միթե դա արդեն փոփոխություն չէ:

Երեկ Աբրահամյանը մասնակցել է «Դ!եմ եմ» շարժման` նախագահի նստավայրի դիմաց կազմակերպված ակցիային և փորձել է ընդհանուր հայտարարի գալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդների հետ: Վարչապետի այցը Բաղրամյան 26 կարծես այնքան էլ թշնամաբար չի ընդունվել, ավելին` շատերը նրա մեջ տեսել են գործընկերոջ, հասարակության համար պայքարի անխոնջ մարտիկի: Այսպես` որ, եթե այսպես շարունակվի, կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից և կենսագրության մեջ «կուսակցական պատկանելությունը» տողի դիմաց լրացնել` «Ժողովրդի ծոցից դուրս եկած»: Իսկ թե ո՞ւմ կուսակցությունն էր ժողովուրդը, կարծում ենք` որևէ մեկը չի մոռացել: Դա` իմիջիայլոց: Հովիկ Աբրահամյանի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Ոչ միայն այն պատճառով, որ վերջինս ծագումով քարքարոտ Վանաձորից է, իսկ Աբրահամյանը` խոպան Արարատյան դաշտավայրից:

Տիգրան Սարգսյանին կարելի է մեղադրել գրեթե ամեն ինչում, բացի պոպուլիզմից: Ոչ այնքան այն պատճառով, որ նա դիմադրում է րպոպուլիզմի գայթակղությանը ու ականջահաճո հայտարարություններ ու ակնահաճո գործողություններ չէր անում: Այլ`որովհետև նույնիսկ պոպուլիստական հայտարարությունները ՏիգրանՍարգսյանն անում էր իրականությունից այնքան կտրված ու այնպիսի լեզվով, որ անգամ նրա վարորդի վրա դա հազիվ թե ազդեցություն թողներ:

Հովիկ Աբրահամյանը նրա հակապատկերն է:

Նա աշխատանքային առաջին իսկ օրվանից զբաղվում է միայն ու բացառապես պոպուլիզմով` արտոնություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդունելություն` Բուզանդի փողոցի բնակիչների համար, կասեցում` կուտակային կենսաթոշակները չվճարողներից գանձվելիք տույժերին, այցելություն դրա դեմ պայքարող երիտասարդներին, իսկական` «որ մին զարկի, ջարդի հազար»:

Իհարկե, գուցե Հովիկ Աբրահամյանը հաջողի իր այս ձեռնարկումներում և, ասենք, կարողանա կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ընդհանրապես: Նա այդպիսով կդառնա հասարակության առնվազն 80 տոկոսի սիրելին: Ենթադրություն, թե ինչպիսի վերաբերմունքի կարժանանա Աբրահամյանն այդ դեպքում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով ՀՀԿ ԳՄ նիստում պատգամեց շարունակել բոլոր, այդ թվում` կենսաթոշակային բարեփոխումները, կարող է հնչել` որպես գործադիր իշխանությունը բռնությամբ տապալելու կոչ: Հետևաբար` ավելի ռացիոնալ կլինի ենթադրել, որ բանը դրան չի հասնի: Բայց, անկախ ամեն ինչից` որպես վարչապետ` Հովիկ Աբրահամյանը կմնա Հայաստանի պատմության մեջ իր աննախադեպ քայլով: Առաջին անգամ գործող վարչապետը մասնակցել է գործող նախագահի դեմ անցկացվող բողոքի ակցիային:

Մնում է` դա սովորություն չդառնա:

Հրապարապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930