«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր՝ ապրիլի 18-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սուլուցներով դիմավորեցին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը հայտարարեց, որ նախաձեռնության թշնամին չէ եւ տեղյակ է նրանց պահանջներից.
«Ես ձեր բոլոր մտահոգություններից տեղյակ եմ, ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում, ես պատրաստ եմ գործնական քննարկումներ սկսել»:
Նա հայտարարեց, որ իր մոտեցումն է չսպասել մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ շատ կարճ ժամկետում՝ մինչեւ հունիսի վերջ ունենալ մի որոշում, որն ընդունելի կլինի ե՛ւ «Դեմ եմ»-ի եւ մնացած բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փաստ է, որ կառավարությունը զիջումների է գնալու առաջարկեց քննարկումները սկսել հենց վաղը: Նա հաստատեց Դավիթ Մանուկյանի այն պնդումը, թե դեպի կառավարությունը անվստահություն է ձեւավորվել.
Կարդացեք նաև
«Ես խնդրում եմ ձեզնից, մենք այսօր այդ առաջարկները ստացել ենք եւ քննարկում ենք: Մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլեր ենք անելու, հավատացե՛ք, խնդրում եմ, ինձ վստահե՛ք: Ժամանակ տվեք»:
Դավիթ Մանուկյանը մեր հետ զրույցում նշեց, որ հուսով է, որ նոր կառավարությունը այնքան խոհեմ կլինի, որ իր խոստումը կպահի.
«Բացի տույժերից այդ հինգ-վեց կետերը, որոնք են չընտրել ֆոնդերը, ՊԵԿ-ի հաշվետվությունը փոխել, կառավարության պաշտոնական դիրքորոշումը վերափոխել, որովհետեւ դա հակասում է իրենց հայտարարությանը: Այդ բոլոր կետերը ապահովելու դեպքում՝ ինչը ՍԴ որոշման պահանջ է, դրանից հետո մենք պատրաստ ենք մասնակցել նոր մշակվող օրենքի դրույթների մշակմանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ