Օրական հինգ հարյուր միլիոն, իսկ վայրկյանում 5800 թվիթ: Այսպիսի տվյալներով սկսեց իր՝ «Այն, ինչ կարևոր է» անվանումը կրող դասախոսությունը Րաֆֆի Գրիգորյանը՝ Թվիթերի փոխնախագահը: Նրա մեջքի ետևում դիագրամ է, որը նա անվանեց «Թվիթերի սրտի բաբախի դիագրամ»: Դիագրամի օգնությամբ դասախոսությունը լսելու եկած երիտասարդներին ցույց էր տալիս՝ որ ժամին աշխարհի որ ծայրում են ավելի ակտիվ «բաբախում» թվիթները. «Եթե մի պահ զգամ, որ թվիթների հոսքը տվյալ երկրի համար նախատեսված ակտիվ ժամին նվազել է, կհասկանամ, որ ինչ-որ մի տեղ խնդիր կա: Հավանաբար, տեխնիկական է.պետք է խառնվել ու լուծում տալ»: Րաֆֆի Գրիգորյանը երիտասարդների հետ կիսվեց իր փորձով, աշխատանքի տեխնիկայով: Ինչպես ինքը նշեց՝ սիրում է թիմային աշխատանքը: Ամեն ինչ սկսվում է ճիշտ թիմ հավաքելուց. «Սիրում եմ տևական, մնայուն թիմեր ձևավորել: Ունեմ հինգ հոգանոց թիմ, մենք միասին աշխատում ենք տարբեր ծրագրերի վրա: Երբ աշխատում ես մշտական թիմի հետ,ամեն անգամ աշխատանքդ կատարելագործվում է: Մեր բոլոր թիմերն իրարից անկախ են աշխատում: Այն ինքն է կառավարում իր բյուջեն, պլանավորում ու բաշխում աշխատանքը խմբի անդամների մեջ: Եթե ես պարգևատրում եմ, ապա պարգևատրում եմ ամբողջ թիմին. կապ չունի՝ նրանք հասել են հաջողության միայն մեկի շնորհիվ, թե միասին են աշխատել: Սրա օգնությամբ մարդիկ փորձում են աշխատանքը հավասարաչափ բաժանել ու, շատ հաճախ, ստացվում է նույնիսկ աշխատեցնել ամենածույլ գործընկերոջը: Թիմն ընտրելիս ու անդամ դառնալիս աշխատակիցն ինքն է կառավարում իր ճակատագիրը: Ինձ չպիտի հարցնեն՝ որն է լինելու հաջորդ քայլը, ինչ պետք է անել: Ես ինքս պիտի հարցնեմ իրենցից, քանի որ պիտի համոզված լինեմ, որ նրանք ինձնից լավ են տիրապետում աշխատանքին ու ավելի լավ են պատկերացնում խնդիրը՝ լուծման հետ միասին» :
Րաֆֆին դեմ է աշխատանքային կարծրացած նորմերին. «Իմ կարծիքով, մարդ պետք է աշխատի մի բանի վրա, որն իրեն ամենից շատ է հետաքրքրում: Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունները կարող են փոխվել, ու եթե ինչ-որ մի ինժեներ զգում է, որ իրեն արդեն հետաքրքիր չէ տվյալ ոլորտն ու նա ցանկանում է մեկ ուրիշ բանով զբաղվել, ապա առանց որևէ խոչընդոտի կարող է փոխել իր աշխատանքի ոլորտը: Մենք ունենք դասընթացներ՝ հատուկ Թվիթերի աշխատակիցների համար, որոնց օգնությամբ նրանք կարող են տիրապետել այն ոլորտին, որը տվյալ ժամանակահատվածում իրենց ամենաշատն է հետաքրքրում: Ես աշխատանքի եմ վերցնում մարդկանց, ովքեր պատրաստ են անընդհատ սովորել, ովքեր կգտնեն մարտահրավերին արագ դիմակայելու ձևը: Մենք շատ ենք աշխատում ու սովորում, քանի որ պարտավոր ենք աշխարհին տալ Թվիթեր, որը միշտ հասանելի ու հարմար կլինի բոլորին :
Աշխատանքի համակարգման նրբություններով կիսվելուց բացի Րաֆֆին անդրադարձավ նաև մասնագիտական որոշ հարցերի. խոսեց Twitter API-ի գործնական կիրառման,միասնական կոդավորման բազաների մասին: Նշեց, որ ամռանը Երևանում անցկացվելու է 3 շաբաթ տևողությամբ դասընթաց-ծրագիր, որը կկրի «Yerevan Code Jam» անվանումը: Ծրագրի շրջանակներում երիտասարդներին կսովորեցնեն ծրագրեր գրել «Անդրոիդ» օպերացիոն համակարգի համար: Դասընթացներով հետաքրքրվողները կարող են գրանցվել ու մանրամասն տեղեկություն ստանալ կայքում:
Դասախոսությունն ավարտելուց հետո Թվիթերի փոխնախագահը պատասխանեց երիտասարդների հարցերին:
Կարդացեք նաև
Նկարը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից
Սյունե Սևադա