Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ պաշտոնյա. «Միջազգային ընկերության դուրս գալը երկրից՝ քաղաքական ռիսկերի պատճառով, կարող է ազդել երկրի վարկի վրա»

Ապրիլ 18,2014 19:30

Այս տարվա հունվարին, երբ Կենտրոնական բանկի երկու վարչության պետեր ասուլիս էին տալիս, հարց հնչեց ՝ ի՞նչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի կենսաթոշակային բարեփոխումները: Նրանք պատասխանել էին, որ դա կազդի մեր երկրի ֆինանսատնտեսական վարկանիշի վրա:

Այսօր Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության վերաբերյալ ասուլիս էր տալիս Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, եւ ասուլիսից հետո «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ այն, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ, այն դեպքում, երբ արդեն Հայաստանում են կուտակային ֆոնդերի կառավարիչները՝ միջազգային ընկերություններ, դա որեւէ ազդեցություն կունենա՞ Հայաստանի վարկանիշի վրա:

Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ ուզում կապել Սահմանադրական դատարանի որոշման հետ, բայց կասեմ հետեւյալը. ցանկացած միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպություն, որը մտնում է Հայաստան, հետո տարբեր ներքաղաքական խնդիրների պատճառով, քաղաքական ռիսկի ազդեցությամբ դուրս է գալիս Հայաստանից, դա մեր երկրի միջազգային վարկի վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ»:

Մեր հարցին՝ իսկ այս պահին որեւէ խոսակցություն կա՞, որ մեր ֆոնդերի կառավարիչ ընկերությունները (հիշեցնենք, որ դրանք երկուսն են՝ «Ցե կվադրատ ամպեգա մենեջմենթ Արմենիան» եւ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը»-Մ.Բ») կարող են դուրս գալ Հայաստանից, ԿԲ ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ, ոչ, նման բան չկա, նման բան ոչ ոք չի կարող ասել, եւ չի էլ ասում: Մինչեւ այդ ընկերություններն իրենք չհայտարարեն, որ դուրս են գալիս Հայաստանից, ոչ ոք իրավունք չունի ասել տենց բան: Էդ ընկերությունները ոչ նման միտք են արտահայտել, ոչ էլ նման խոսակցություն կա դուրս գալու մասին, ոչ մի նման բան չկա, նրանք այստեղ են եւ աշխատում են»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն, առայժմ, քանի դեռ այդ ընկերությունները Հայաստանում են, Սահմանադրական դատարանի որոշումը չի՞ ազդի մեր միջազգային վարկի վրա, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Շատ դժվար է գնահատել, թե Հայաստանի վարկի վրա այդ որոշումն ի՞նչ ազդեցություն ունի: Այդ մասին կարող ենք խոսել որոշ ժամանակ անց, դեռ վաղ է խոսել այդ մասին, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, պիտի անցնի որոշ ժամանակ, որից հետո կերեւա՝ ազդե՞լ է, թե՞ չի ազդել: Ես Սահմանադրական դատարանի մասին չեմ կարող որեւէ բան ասել, ես կարող եմ միայն ընդհանուր ասել՝ ցանկացած բարձր հեղինակություն ունեցող միջազգային կազմակերպություն՝ լինի ֆինանսական, լինի իրական հատվածից, երբ որ մտնում է երկիր, հետո տարբեր քաղաքական խնդիրների պատճառով երկրից դուրս է գալիս, դա կարող է ազդել երկրի վարկի վրա»:

Նա նաեւ ասաց, որ այսօրվա դրությամբ ինքը որեւէ տեղեկություն չունի այդ ընկերությունների մտադրությունների մասին, ինչը նշանակում է, որ այդ ընկերություններ Հայաստանում են, կառավարում են արդեն կուտակված ակտիվները:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930