«Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը մի այնպիսի դիվանագետի թեկնածություն էր, որն ունի մեծ փորձառություն: Ավելի լավ թեկնածու ես դեռ չեմ տեսնում: Գուցե կան, բայց ես չեմ իմանում»,-Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրները և տարբեր քաղաքական ուժերի դժգոհությունը ԱԳ նախարարության աշխատանքից՝ արդյո՞ք նպատակահարմա՞ր էր ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը, այսպես պատասխանեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Այնուհետև շեշտեց, թե ՀՀ արտգործնախարարը պետք է կարողանա լուծել հետևյալ երեք հարթություններում գոյություն ունեցող խնդիրները. «Ի՞նչ է նշանակում Հայաստանի արտաքին քաղաքականություն: Դա նշանակում է մի երկրի արտաքին քաղաքականություն, որը շատ փոքր է ու շատ քիչ կշիռ և դերակատարություն ունի աշխարհում: Մյուս կողմից նշանակում է մի երկրի արտաքին քաղաքականություն, որն ունի չլուծված խնդիրներ, բայց գտնվում է կարևոր ու վտանգավոր տարածաշրջանում»:
Մեր հիշեցմանը, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո շատերը պնդում էին, որ Էդվարդ Նալբանդյանը պետք է հրաժարական տա, ինչի մասին վերջին օրերին էլ ակնարկներ եղան, պարոն Սաֆրաստյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ նա պետք է հրաժարական տար: Նա շատ փորձառու դիվանագետ է, աշխատել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, լավ գիտի արտաքին հարաբերությունների ներքին հոսանքները: Չգիտեմ, գուցե ունենք ավելի լավ դիվանագետներ, բայց չեմ կարող ասել, որ մեկը ավելի լավ կլիներ իրենից»:
ՀՀ արտաքին քաղաքականության հարցում Ռուբեն Սաֆրաստյանն առաջարկում է շարժվել երեք «S»-երի սկզբունքով, այն է` լինել փոքր, խելոք պետություն: Այնուհետև վստահեցրեց, որ նոր ձևավորված աշխարհում կարող ենք մեր արտաքին քաղաքականությանը նոր որակ հաղորդել ու մանրամասնեց.«Հիմա աշխարհում գնալով մեծանում է քաղաքական, մշակութային ալիքների դերը: Իսկ մենք, լինելով հին ու առաջին քրիստոնեական ազգը, ապրելով Արարատի շուրջ, կարող ենք դա ավելի լավ օգտագործել: Այսինքն՝ մենք մեր քաղաքականությունը պետք է հիմնենք մեր ինքնության վրա, ոչ միայն շահեր, քաղաքականություն, բալանս: Մեր ճանապարհը մեր ինքնությունն է, մշակույթն ու քրիստոնեությունը, աշխարհաքաղաքական դիրքն ու մեր սփյուռքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ