Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Փա’ռք Սերժ Սարգսյանին, փա’ռք Յարոշին». (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 19:19

«Մեր ամբողջ լրատվական դաշտը ենթակա է Ամերիկային, մենք ուրիշ լրատվական դաշտ չունենք, ինչպես որ ամբողջ աշխարհում»,-այսօր «Ուկրաինայի ճգնաժամը եւ դրա հետեւանքները» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Նրա դիտարկմամբ` ներկայումս ինչ կատարվում է աշխարհում` Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի առնչությամբ, դա Ռուսաստանի պատերազմը չէ, դա համայն մարդկության պատերազմն է: Այսինքն, ըստ պարոն Մանուչարյանի, Ռուսաստանը լրջագույն պատերազմի մեջ է մտել Արեւմուտքի հետ, իսկ այդ Արեւմուտքը  մեր երիտասարդներին քարոզում է, որ նրանք չլսեն իրենց մեծերին եւ չենթարկվեն ավանդույթներին, քանի որ դրանք սահամանափակում են երիտասարդների, մարդու ազատությունները:

«Փառք Յարոշին, փառք Սերժ Սարգսյանին, որը ՄԱԿ-ում Ղրիմի հարցով կողմ քվեարկեց Ռուսաստանին: Յարոշը տեսավ` վրդովվեց: Մեր երիտասարդները կարդացին ու ասացին` Յարոշն ով է, որ Հայաստանին սպառնա: Սա ստիպում է, որ մեր երիտասարդները ինչ-որ չափով մտածեն, որովհետեւ մեր լրատվական դաշտն ամբողջությամբ ենթակա է Ամերիկային»,-ասաց պարոն Մանուչարյանը:

IMG_4703

Նկատենք, որ քննարկման ընթացքում հիմնականում ռուսամետ կարծիքներ հնչեցին, իսկ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ղեկավար Արամ Սարգսյանն ավելի հավասարակշռված կարծիք հայտնեց: Նրա խոսքերով` Ուկրաինան եւ Ռուսաստանը սլավոնական բարեկամ պետություններ են,  եւ իրենք համաձայնություն կգտնեն իրենց միջեւ: Ըստ պարոն Սարգսյանը, Ուկրաինան չկայացած երկիր է, այդ պատճառով էլ այնտեղ տեղի ունեցան վերջին հայտնի իրադարձությունները: Խնդիրն այն է, ինչպես ասաց, պարոն Սարգսյանը, թե նման պայմաններում այստեղ կարեւորն այն է, Հայաստանն ինչպիսի քաղաքական եւ աշխարհաքաղաքական դիրքորոշում պետք է ունենա, որպեսզի պաշտպանի սեփական շահերը:

Իսկ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն իր ելույթում, մեղմ ասած ուղղակի գովերգում էր Ռուսաստանն ու նրա վարած քաղաքականությունը: Գառնիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանն առաջիկայում իր զարգացածությամբ աշխարհում առաջին տեղը կզբաղեցնի:

Խոսելով Արեւմուտքի վարած քաղաքականության մասին, պարոն Մարգարյանն ասաց, որ դա գլոբալիզացիայի ծրագիրը, որով գլոբալիստները աշխարհը տանում են դեպի միակենտրոն կառավարման: Ըստ պարոն Մարգարյանի, Արեւմուտքն իր կեղծ դեմոկրատիան արդեն 20 տարուց ավելի է թելադրում է մեր հասարակությանն ու երիտասարդներին: Այս առումով, պարոն Մարգարյանը Ռուսաստանին, կարելի է ասել, մեղադրեց, իբր թե ՌԴ-ն քարոզչության առումով զիջում է Արեւմուտքին: Պարոն Մարգարյանի խոսքերով` այսօր շատ երիտասարդներ անգամ տեղյակ չեն հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, Մարգարյանը կոչ արեց, որ այդ ուղղությամբ Ռուսաստանը Հայաստանում ծրագրեր իրականացնի:

Քննարկման մասնակիցներից «Հարմոնիկ աշխարհ» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սիմոնյանն էլ ուշագրավ դիտարկում արեց. «Չեմ հասկանում, թե ինչ ենք քննարկում. Արեւմուտք, Արեւելք արեւմտյան արժեքներ, համաշխարհային օլիգարխիա: Բայց եկեք նայենք,աշխարհում ցանկացած օլիգարխիա, անպայման, կրոնափիլիսոփայական համակարգից, կրոնափիլիսոփայական աշխարհընկալման համակարգից բխող քաղաքականություն են որդեգրում, որոնք հանդես են գալիս աշխարհաքաղաքական երեւույթների իրականացնող»: Պարոն Սիմոնյանը խոսելով Ռուսաստանի մասին, ասաց, որ ինքը հիմա կցանկանար տեսներ իր ուզած Պուտինին, ապա նկատեց, հետեւելով Ռուսաստանի զարգացման դինամիկային, այնտեղ էլ նկատվում է ալկոհոլիզմի, թմրամոլության, խաղամոլության տարածվածություն, որը դիտվում է նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է Ուկրաինական կոնֆլիկտին, պարոն Սիմոնյանն ասաց, որ Ղրիմի ճակատամարտում Ռուսաստանը շահեց, բայց պատերազմը դեռ շահած չէ:

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, թե Հայաստանի ճակատագիրը պետք է կապել այն միության հետ, որտեղ կզարգանա արտադրությունը, գիտությունը կրթությունը, եւ ըստ պարոն Խաչատրյանի դիտարկումների, այդ միությունը Մաքսային միությունն է:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս ներկա էր քննարկմանը, որն իր դիտարկումները ներկայացրեց ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ: Նախկին նախարարը հիշեցրեց, որ Ուկրաինան Ղարաբաղի հարցում երբեք ի օգուտ մեզ չի քվեարկել:

Նշենք, որ քննարկմանը ներկա է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը, որի համար որոշ գործիչներ ռուսերեն խոսեցին:

Իսկ քննարկումը կազմակերպել էր «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբը»` Եվրասիական ժողովրդական նախաձեռնության աջակցությամբ:

Ակումբի ներկայացուցիչ Արման Բոշյանն էլ իր դիրքորոշումը հայտնեց Ուկրաինայում տեղի ունեցած եւ ունեցող  դեպքերի վերաբերյալ, որի մանրամասները` տեսանյութում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930