Դատարանի վճռով՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանին պարտավորեցվել է հօգուտ բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի վճարել 90 հազար դրամ, որից 50 հազարը՝ որպես փաստաբանական ծառայությունների գումար, մնացածը՝ բարոյական վնասի հատուցում:
Նշենք, որ ռեկտորը սոցիալապես անապահով կնոջից, որի խնամքի տակ են հաշմանդամ անչափահաս որդին և առաջին կարգի հաշմանդամ քույրը, նախապես պահանջել էր 2 մլն դրամ՝ իր արժանապատվությունը վիրավորելու համար՝ մոռանալով, որ Աշուղյանը նույնպես մարդկային արժանապատվություն ունի, որը գիտնական ռեկտորը ոտնահարել էր՝ նրան «անասուն» անվանելով:
Աշուղյանն իր հերթին հայց էր ներկայացրել ռեկտորի դեմ, որը, սակայն, նույն դատավորի կողմից մերժվել էր պատճառաբանությամբ, թե իբր ռեկտորի արտահայտությունը հրապարակային չի եղել: Մինչդեռ անապահով կնոջ նկատմամբ ռեկտորի գումարային պահանջը բավարարվել է: Միաժամանակ դատարանը վճռել է, որ դասախոսը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ռեկտորից նրան վիրավորելու և զրպարտելու համար:
Վճռի կատարման համար ներողության տեքստն ընթերցելու նպատակով Լուսինե Աշուղյանը հրավիրվել էր ինստիտուտի վարչական տարածք: Բուհի աշխատակիցների ներկայությամբ նա հայտարարեց, որ պարտավոր է կատարել վճիռը և կկատարի, բայց առաջնորդվելով իր Սահմանադրական իրավունքներով՝ ներողությունն սկսեց դատավարության նախապատմությունից: Անմիջապես խուճապ առաջացավ դահլիճում, և պրոռեկտոր Վանո Եղիազարյանի կարգադրությամբ ու հրահանգներով ԴԱՀԿ աշխատակիցները կոպտորեն ընդհատեցին Աշուղյանի խոսքը՝ պարտադրելով, որ ընթերցի միայն կատարողական թերթում գրվածը:
Կարդացեք նաև
Վանո Եղիազարյանը պահանջում էր Աշուղյանից՝ ազատել դահլիճն ու հեռանալ ինստիտուտից (մոռանալով, որ բուհը պետական կրթական հաստատություն է, այլ ոչ մասնավոր տարածք), իսկ ԴԱՀԿ կատարողներից՝ արձանագրություն կազմել և վարչական պատասխանատվության ենթարկել դասախոսին (մոռանալով նաև, որ ինքը ոչ մի իրավասություններ չուներ միջամտելու 2 անհատների վեճի արդյունքում կայացված վճռի կատարմանը):
Ի վերջո, ճնշման տակ Աշուղյանն ընթերցեց ԴԱՀԿ աշխատակիցների ներկայացրած տեքստը: Ի դեպ, ԴԱՀԿ հարկադիր կատարողներից Մերուժան Նալբանդյանը սույն գործի կատարողական վարույթի հետ ընդհանրապես առնչություն չունի և տվյալ պահին էլ ճնշում էր գործադրում քաղաքացու նկատմամբ՝ չունենալով որևէ գրավոր հանձնարական ղեկավարության կողմից:
Մյուս հարկադիր կատարողն էլ՝ Դավիթ Մատինյանը, ով կատարողական վարույթ է հարուցել սույն վճռով, մեկ ամսից ավել ապօրինի արգելանք էր դրել բանկային հաշվեհամարին, որով Աշուղյանը որդու հաշմանդամության կենսաթոշակն է ստանում: Աշուղյանի՝ վերադաս մարմիններին ուղղված բողոք-դիմումներից հետո երեկ միայն որոշում է կայացվել արգելանքը հանելու մասին:
Լուսինե Աշուղյանը հիմա էլ է հայտարարում, որ ինքը զրպարտիչ չէ, և ռեկտոր Խաչատրյանի այն բոլոր օրինախախտումները, որոնց մասին բարձրաձայնել է մամուլով և հեռուստատեսությամբ, իրականում կատարվել են նրա կողմից, և դրանց բոլորի վերաբերյալ կան փաստեր ու գրավոր ապացույցներ:
Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ