Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին տուժողները չէին եկել

Ապրիլ 18,2014 18:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը:

Տուժողները եւ տուժողների երկու իրավահաջորդները չէին ներկայացել, սակայն դիմել էին դատարանին իրենց չներկայանալը համարել հարգելի: Նրանք հայտնել էին, որ դատարանը դատաքննությանն, ըստ էության, չի անցնում:

IMG_3703

Նախորդ դատական նիստին անավարտ էին մնացել պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունները;

Նա դատարանին ներկայացրեց մի քանի ապացույցներ, որպեսզի դրանք կցվեն գործի նյութերին: Մասնավորապես, հիդրոօդերեւութաբանական ծառայությունից ստացվել էր պաշտպանի հարցմանը պատասխան, թե դեպքի օրը` անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ինչ եղանակ է եղել, քամու ուժգնությունը որքան է եղել, տեղումներ գրանցվել են, թե ոչ:

Ըստ պաշտոնական փաստաթղթի, դեպքի օրը եղել է առանց տեղումների եղանակ, մառախուղ եւ մշուշ չի եղել:

IMG_3704

«Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» օրենքով էլ սահմանվել է բնակավայր հասկացությունը: Պաշտպանական կողմը դիմել էր Կոտայքի մարզպետին, եւ ստացվել էր նաեւ պատասխան, որ Եղվարդ-Երեւան հանրապետական նշանակության նշյալ հատվածը, բնակավայրից դուրս է համարվում, ինչը նշանակում էր, որ օրենքով սահմանված մեքենայի արագությունը կարող է լինել 90 կմ.ժամ արագության:Իսկ բնակավայրի դեպքում այն 60 է:

Ի դեպ, դեպքի վայրի հետ կապված ավելացվել է մի ցուցանակ, բնակավայրի ավարտը նշանով: Մինչ այդ չի եղել:

Պաշտպանը ներկայացրեց եւս չորս նկար, որոնք ըստ նրա գործի նյութերում չկան, փոխարենը կան քննիչի կողմից բջջային հեռախոսով արված, պաշտպանական կողմի կարծիքով, որոշակի հետքեր ջնջած նկարներ:

Հայտարարություն արեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը; Ըստ նրա, անթույլատրելի է դատաքննության նախապատրաստման փուլում հրապարակել ապացույցների բովանդակությունը, ինչը ըստ նրա «միամիտ»  չի արվում, այլ արվում է «լրատվամիջոցների համար զոհի կարգավիճակ ներկայացնելու նպատակով»:

Նա ասաց, դեռ, լավ է, որ տուժող Հայկ Հակոբյանը չի մասնակցում այսօրվա նիստին, որովհետեւ նույն ընդվզումը կլիներ, ինչ նախորդ նիստի ժամանակ: Ռուբեն Բալոյանը ասաց, որ անցյալ նիստին երեք անգամ դիտողություն արվեց պաշտպանական կողմին, սակայն վերջում սանկցիա կիրառվեց տուժողի նկատմամբ, որը հեռացվեց նիստերի դահլիճից:

Մի առանձին բառային փոխհրաձգություն սկսվեց այն ժամանակ, երբ պաշտպանը դատարանին ներկայացրեց հեռախոսային վերծանումների հետ կապված կապի օպերատորի տված պաշտոնական փաստաթուղթը: Սա նույնպես կցվեց գործի նյութերին: Ի դեպ, նախաքննության ժամանակ այս փաստաթուղթը չի պահանջվել, մինչդեռ ըստ պաշտպանի, այստեղ խոսք է գնում այն մասին, որ դեպքի պահին Վարդան Պետրոսյանը հեռախոսով չի խոսել: Ըստ օպերատորների, Պետրոսյանը հեռախոսով խոսելու ժամանակ գտնվել է դեպքի վայրից չորս կմ.տարածության վրա:

Մեղադրող Սարգսյանը հրապարակեց Վ.Պետրոսյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չճանաչեց: Նա ասաց, որ իր վերաբերմունքն այլ է զոհերի նկատմամբ, մեղադրանքի նկատմամբ` այլ է:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հիշեցրեց Վարդան Պետրոսյանի մի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե պատրաստ է նստել տարիներով, Վարդանն ուղղեց` ցմահ, եւ հարցրեց`ինչն է փոխվել ձեր դիրքորոշման մեջ, որ մեղավոր չեք ճանաչում:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ այս գործը երկու կողմ ունի` բարոյական եւ օրենքի:Երբ քայլ է անում օրենքը, հառնում է բարոյականը, երբ քայլ է անում բարոյականը, հառնում է օրենքը: Իսկ Բալոյանի հարցը, թե «Լինո՞ւմ է բարոյականի առումով մեղք», դատավոր Մկրտչյանը հանեց:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն.նախ, կհետազոտվեն բոլոր ապացույցները, կկանչվեն վկաները, լրացուցիչ վկաները, տուժողներ, ապա կհետազոտվեն իրեղեն ապացույցները, եւ վերջում ցուցմունք կտա Վարդան Պետրոսյանը;

Ապացույցների հետազոտման առումով տուժողների ներկայացուցիչները հանդես եկան տուժող, ձախ ազդրի կոտրվածք, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ ստացած տուժող Տաթեւ Հակոբյանին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդությամբ: Պաշտպանական կողմին հետաքրքրում է, թե հետվիրահատական շրջանը հնարավոր է կազմակերպի հանրապետւթյունում, թե դրանից դուրս, արդյոք, ֆունկցիոնալ խախտումներ նկատվել են վիրահատությունից հետո:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930