Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված վարչապետի ծրագրերին

Ապրիլ 18,2014 18:07

Հայաստանի ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի` մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման նախաձեռնություններին և ծրագրերին: Այս մասին միությունների ղեկավարները նշել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հղված նամակում: Մշակույթի գործիչներն ակնկալում են իրենց գաղափարները ներկայացնել նաեւ վարչապետի հետ հանդիպման հնարավորություն ստանալու պարագայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
ամենից և ամենքից առաջ մենք՝ մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներս, ցանկանում ենք Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր, պատասխանատու, արժանապատիվ և պատվախնդիր պաշտոնին արժանանալու համար, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը ա՛յն վստահության համար, որ տածում են Ձեր հանդեպ, մաղթել Ձեզ քաջառողջություն, տոկունություն, կամք և եռանդ՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ու մեր ազգային իղձերի և ծրագրերի իրականացման ճանապարհին:
Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում ակնկալվող հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող փոփոխությունների համատեքստում, որոնց մասին խոսվում է վերջին օրերս, մենք՝ մշակութային գործիչներս, որ Ձեզ հետ միասին պատասխանատվություն ենք կրում Հայոց պետականության կերտման, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, ինչպես նաև՝ մշակույթի և արվեստի բնագավառում պետական քաղաքականության մշակման և բարեփոխումների ընթացքի համար, որից մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ աջակցելու ենք Հայոց մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ Ձեր բոլոր ա՛յն նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք Դուք նպատակահարմար կհամարեք ծանոթացնել և քննարկել ստեղծագործական միությունների ներկայացուցիչներիս, մշակույթի և արվեստի գործիչներիս հետ:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո այս տարիներին եղել են հնարավորություն և նախադրյալներ պետական մշակութային քաղաքականության մշակման, մշակույթի և արվեստի բնագավառի իրավական կարգավորման համար, մշակույթի և արվեստի գործիչների կողմից ստեղծվել և ստեղծվում են արժեքավոր ստեղծագործություններ, սակայն մշակույթի և արվեստի բնագավառում չի եղել հայեցակարգային մոտեցում, ծրագրային պետական քաղաքականություն և բնագավառն ամբողջությամբ իրավական կարգավորման անհրաժեշտություն ունի: Ուստի մենք՝ մշակույթի գործիչներս, ցանկանում ենք հանդիպել Ձեզ հետ, քննարկել բնագավառին վերաբերող խնդիրները՝ ստանձնելով այդ պատասխանատվությունը»:

Նամակն ստորագրել են Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930