Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի բասկետբոլիստուհիներն սկսել են լուրջ նպատակներ հետապնդել

Ապրիլ 18,2014 17:53

Հայաստանի 1999 թվականին ծնված բասկետբոլիստուհիները մեկնում են Կազան` ապրիլի 20-27-ը առաջին անգամ մասնակցելու ԱՊՀ երկրների դպրոցականների 2-րդ միջազգային փառատոնին:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 5 մարզաձեւ` բասկետբոլ,վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ եւ բադմինթոն: Հայաստանը հանդես է գալու չորսում, բացի վոլեյբոլից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը զրուցեց Aravot.am-ի հետ:

– Քանի՞ երկիր է հայտավորվել:

– Կոնկրետ բասկետբոլին հատկացված է 12 երկրի մասնակցություն: Մեր տեղեկություններով այս պահի դրությամբ մասնակցությունը հաստատել է ինը երկիր: Բայց հույս ունենք, որ մինչեւ փառատոնի բացումը թիվը կհամալրվի:

– Մեր թիմը մեկնում է միայն մասնակցելո՞ւ համար, թե՞ կոնկրետ նպատակներով:

– Մենք մրցանակային տեղ գրավելու խնդիր ենք դրել մեր առջեւ, ինչը իրագործելի է: Բայց շատ բան կախված կլինի նրանից, թե վիճակահանությամբ ինչ մրցակիցներ կունենանք խմբում:

– Վստա՞հ եք, որ կարող ենք պայքարել մրցանակային տեղի համար:

– Միանգամայն: Բավականին լավ թիմ ունենք, որն իր կարողությունները արդեն ցույց է տվել: Մասնավորապես, մեր աղջնակները Երեւանում անցկացված Ջեմմա Իսրայելյանի միջազգային հուշամրցաշարում 20 միավորի առավելությամբ հաղթել են Ղազախստանի` իրենցից տարիքով մեծ աղջիկներով համալրված թիմին, Վրաստանում մարտ ամսին անցկացված համատեղ ուսումնամարզական հավաքի ընթացքում 30 միավորի տարբերությամբ հաղթել են այդ երկրի իրենց հասակակիցներին: Մեր թիմում խաղում են իրենց տարիքի համար բավականին բարձրահասակ աղջիկներ, որոնք արդեն բավարար մրցափորձ ունեն: Թիմը համալրված է հիմնականում Երեւանի բասկետբոլիստուհիներով, մեկ հոգի էլ ներկայացնում է Արարատ քաղաքը:

– Կոնկրետ փառատոնին նախապատրաստվե՞լ եք:

– Անշուշտ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը անձամբ եւ նրա միջնորդությամբ` ՀԱՕԿ-ը, կազմակերպել են ուսումնամարզական հավաքներ, ընկերական հանդիպումներ, որոնցից Վրաստանի մասին արդեն ասացի: Ի դեպ, մրցավայր էլ մեկնում ենք ՀԲՖ եւ ՀԱՕԿ-ի աջակցությամբ ու մնալու ենք Համաշխարհային ուսանողական խաղերի առիթով կառուցված ավանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` ՀԲՖ կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930