Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո կոկորդիլո՞ս չի բերել, վիշապ օձ չի բերել, լավ է արել՝ շոու է սարքել». Սաքունցը՝ մուկ ու կատու բերած կնոջ մասին

Ապրիլ 18,2014 17:51

«Հիմա ՀՀ բոլոր պետական մարմինները պետք է սկսեն կատուների որսով զբաղվել ու պարզեն, թե ո՞վ է այդ կատուներին բաց թողել:Դա ոստիկանության նոր գործառույթն է դառնում, էլի՝ մկների դեմ պայքար: Սանէպիդկայանի գործառույթ է իր վրա վերցնում: Միանշանակ՝ անհեթեթություն է, նույնիսկ՝ ծիծաղելի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեր հարցին, թե ինչքանո՞վ է իրավաչափ կառավարության շենքի առջեւ մուկ ու կատու բաց թողած քաղաքացուն տուգանելը:

Նշենք, որ Կենտրոնի ոստիկանությունը կառավարության շենքի առջեւ մուկ ու կատու բաց թողած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին ապրիլի 17-ին տուգանել է 20 հազար դրամով՝ ասելով, որ շոու է սարքում: Ոստիկանությունն արձանագրել է, որ կինը խախտել է Վարչական օրենսգրքի 172.2 հոդվածը:

Ըստ Արթուր Սաքունցի, զարմանալի է, թե ինչպես կարող են պետական կառույցները իրենց թույլ տալ նման էժանագին գործողություններ. «Դա ավելի շատ խոսում է ստրկամտության մասին: Այդ անհեթեթությունը՝ տուգանքի վերաբերյալ որոշումը, պետք է միանշանակ բողոքարկվի վարչական դատարանում: Ի՞նչ է նշանակում մուկ, կատու բաց թողելը հանդիսանում է վարչական իրավախախտում: Դա այնքան աբսուրդ է, որ մարդիկ իրենց դնում են շատ հիմար վիճակի մեջ: Այդ դեպքում թող առաջարկեն բոլոր փիսոների, մկների ու կատուների դեմ պայքար, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնեն եւ հայտնաբերեն, թե ովքեր են այդ կատուներին ու մկներին բաց թողնում պետական շենքերի մոտ»:

Արթուր Սաքունցը հիշեց, որ մի ժամանակ Չինաստանում էլ ծտերի դեմ պայքար էր սկսվել՝ ամբողջ երկրով մեկ. «Հաշվել էին, որ ամեն մի ծիտը եթե 1 ցորենի հատիկ է ուտում, ինչքան վնաս կարող է տալ: Սկսեցին ծտերի դեմ պայքարը: Հիմա Հայաստանում կառավարության որոշում թող կայացնեն, որ բոլոր մուկ, կատու պահողներին անպայման տուգանեն, թող որոշեն, թե որտեղ պետք է անպայման այդ կատուները զբոսնեն, դուրս գան ման գալու, որտեղ է արգելվում կատուների մուտքը»:

Այն դիտարկմանը, որ կինը ճիշտ տեղում շոու չի սարքել՝ Արթուր Սաքունցն արձագանքեց. «Շատ լավ է, որ շոու է սարքել: Լավ է արել, ի՞նչ է եղել: Թող իրենք ներկայացնեն, թե այդ շոուն ինչ վնաս է տվել: Կոկորդիլոս չի բերել, վիշապ օձ չի բերել: Կատու ամեն քայլափոխի կա: Հիմա ինչ, պետք է այդ կատվին բռնեն ու սկսեն հետաքննությո՞ւն իրականացնել, թե ում կատուն է, ինչի համա՞ր է այդտեղ հայտնվել: Լավ է արել՝ շոու է սարքել, շա՞տ են ազդվել: Թող մի հատ էլ կառավարության որոշում բաց թողնեն, թե շոուների մեջ կատուների եւ մկների ներգրավումը համարվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Թող հատուկ որոշումով դա էլ կարգավորեն, աբսուրդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930