Վերջին տարիների ավանդույթին հավատարիմ` այսօր Էրեբունի թանգարանը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստանը» համատեղ նշեցին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` բազմաթիվ հյուրերի և պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Միջոցառումը, որը կրում էր «Պահպանություն հանուն ապագայի» խորագիրը ազդարարեց նաև ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով 2012-2014թթ. Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի ավարտը Հայաստանում: Նախագիծը, ոը Հայաստանում գլխավորապես ուներ կրթական ուղղվածություն, ֆինանսավորվել էր ԵՄ կողմից:
Միջոցառումը մեկնարկեց «Համաշխարհային ժառանգություն. պատմական Լվովի հայկական հիշողությունը» էլեկտրոնային ցուցադրությամբ` ներկայացնելով 1998թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Լվովի պատմական կենտրոնի հայկական հուշարձանները` խորհրդանշելով քաղաքացիական, սոցիալական, էթնիկ լարումների ու զինված կոնֆլիկտների թիրախ հանդիսացող մշակութային արժեքների շուրջ ժառանգության պահապանների միջազգային մտահոգությունը:
Ապրիլի 18-ի խորհուրդը ներկայացրեց «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գ. Գյուրջյանը` նշելով, որ «Ժառանգության պահպանության գործին ողջ հասարակության պատասխանատվությունը և մասնակցությունն արդեն իրողություն է: Սակայն այստեղ մենք ունենք հասարակության հետ աշխատելու և շատ բաներ մեկնաբանելու խնդիր: Ի վերջո, կարևոր է հասկանալ, որ մասնակցության իրավունքից բացի կա նաև չմասնակցելու պարտավորություն այնտեղ, որտեղ կարող ես վնաս պատճառել ժառանգությանը: Իսկ մեր ժառանգությանը վնասներ պատճառվում են շատ հաճախ չիմացությամբ: Ուրեմն ժառանգությունը պետք է դասավանդել, մեկնաբանել, սիրելի դարձնել»:
Ժառանգության պահապանի օրվա համատեքստում «ԻԿՕՄՕՍ/Հայաստանը» ներկայացրեց «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում ստեղծված «Պահպանություն հանուն ապագայի» օժանդակ ձեռնարկը` գրված Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար: Ներկաներից շատերը այն գնահատեցին որպես արժեքավոր ներդրում` Հայաստանի վաղվա քաղաքացու համար ժառանգության արժեքի տեսանկյունից:
Ողջույնի խոսքով հանդես եկան և դպրոցներում մշակութային ժառանգության պահպանության մանկավարժության ներդրումը կարևորեցին միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Ա. Սամուելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխ. քարտուղար Վ. Կաժոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության բաժնի պետ Հաո-Բին Աճեմյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը: Ողջույնի խոսք ասաց և տեղական ժառանգության պահպանության ծրագրերի կոչ արեց նաև միջոցառմանը ներկա ՀՀ նախկին գլխ. դատախազ, «ՆԻԳ-Ապարան» Հ/Կ պատվավոր նախագահ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ Ա. Հովսեփյանը:
«Էրեբունի» արգելոց-թանգարան