ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ անցկացվող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի այսօրվա դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Վահան Հայրապետյանը չկարողացավ ներկայանալ:
Երեւանից Կապան ժամանած պաշտպանը Կապանում, եկեղեցու մոտ` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հարեւանությամբ վատացել է:
Դեպքի վայր են ժամանել նաեւ Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի աշխատակիցները: Վերջինիս ցուցաբերած բուժօգնությունից հետո, Վահան Հայրապետյանը բարձր ճնշմամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Փաստաբանը մեզ հետ ունեցած կարճատեւ զրուցում նշեց, որ ճանապարհին եւս մի քանի անգամ վատ էր զգացել:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակից ելնելով` դատարանը որոշեց նիստը մեկ ժամ ընդմիջել, սակայն ընդմիջումից հետո պաշտպանը կրկին չկարողացավ ներկայանալ նիստին:
Հեռախոսագրով դատարանին տեղյակ է պահվել, որ առողջական խնդիրների պատճառով Դավիթ Վարդանյանի պաշտպանը գտնվում է Կապանի բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում եւ համապատասխան բուժում է ստանում: Վահան Հայրապետյանը տեղեկացրել է, որ չի կարողանալու ներկա գտնվել նիստին եւ խնդրեց նիստը երկար ժամանակով հետաձգել` անհրաժեշտ բուժում ստանալու համար:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ այն նշանակեց մայիսի 6-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ