Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը պարզաբանում է, թե ինչու է մեկուսացրել ՀՀԿ-ական պատգամավորուհու հորը (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 16:55

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեկուսացրել քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին, որը ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի հայրն է, և որն այս նույն պաշտոնում աշխատում էր ինչպես Վարդան Ղուկասյանի, այնպես էլ Սամվել Բալասանյանի օրոք: Ի դեպ, իրեն մեկուսացնելու մասին Aravot.am-ին անձամբ դժգոհել էր  Արտաշես Կարապետյանը: Ըստ նրա, թեև ինքը պաշտոնավարում է, աշխատանքից փաստացի ազատված չէ, սակայն իրեն թույլ չեն տալիս իր պարտականությունները կատարել, քաղաքապետի որոշմամբ բաժնի լիազորությունները դրված են բաժնի մեկ այլ աշխատակցի`Արտուշ Սաֆարյանի վրա:

Նշենք, որ պարոն Կարապետյանին Գյումրու քաղաքապետն այնպես է մեկուսացրել, որ այս պաշտոնյան վերջին շրջանում չի մասնակցում քաղաքապետարանի միջոցառումներին, այսօր չկար անգամ ավագանու նիստին: Նրան չէին հրավիրել նաև Շիրակի մարզային ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպմանը:

Ի պատասխան մեր հարցի, պարոն Բալասանյանը առաջարկեց ծանոթանալ նրա դիմումին:
«Ճիշտն ասած, ինքը դիմում է ներկայացրել, ժամանակ է խնդրել` ասելով, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, ինքն է դիմում տվել, խնդրել մեզ, մենք էլ հարգել ենք», -ասաց պարոն Բալասանյանը:

Մեզ այս պահին չհաջողվեց դիմումի հետ կապված լսել Արտաշես Կարապետյանին, նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, այդուհանդերձ հիշեցնենք, որ ըստ տարածված խոսակցությունների, պատգամավորուհու հորը մեկուսացնելու պատճառը եղել է նրա` «Ցայգ» հեռուստաընկերությամբ ունեցած ելույթը, որի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյան գովել է Վարդան Ղուկասյանին: Նա, գնահատելով պարոն Ղուկասյանի՝ Անդրանիկ Օզանյանի արձանին Սամվել Բալասանյանի ներկայությամբ ծաղկեպսակ ուղարկելու ու վրան «Անդրանիկ Օզանյանին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից» մակագրելու փաստը, ասել է, թե նախկին քաղաքապետը մշտապես միջոցառումներ է կազմակերպել զորավարի պատվին, սակայն այժմ քաղաքապետը փոխվել է, և Վարդան Ղուկասյանը Անդրանիկի արձանին ծաղկեպսակ դնելիս պիտի գրի նախկին քաղաքապետ Վ.Ղուկասյանից:

Ի դեպ, մենք քաղաքապետից նաև հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ են ավագանու որոշ անդամներ իրենց արտոնյալ պահում, հարկ չեն համարում գալ ու մասնակցել ավագանու նիստերին: Նշենք, որ օրինակ ավագանու նիստերին վերջին շրջանում չի ներկայանում Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն, ՀՀԿ-ական Գագիկ Ադամյանը, որը ըստ Գյումրու առողջապահական ոլորտի ներկայացուցիչների, բավական ջերմ գործընկերային հարաբերություններ մեջ է գտնվում Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ: Պարոն Բալասանյանը, ավագանու անդամներին համեմատելով Ազգային ժողովի նիստերին չհաճախող պատգամավորների հետ, ասաց, որ կարևորը իր համար այն է, որ քվորում է ապահովվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավրետ Սարոյան says:

    իիիիիիիիիի, ավագանին զզվում է բալասանյանից, անգամ իրա բարեկամներն են զզվում, դրա համար էլ չեն գալիս, իսկ գալուստ սահակլյանը լավ կանի իր գովաբանական խոսքերը ետ վերցնի, որ ժամանակի շռայլում էր ԲՀԿ-ից ՀՀԿ լրտեսված սամվել բալասանյանի հասցեին, տեսաք ինչ եղավ և ինչեր արեց դեռ 2 տարվա քաղաքապետ դարձած սամոն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930