Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմացինին կերակրելով մենք կերակրում ենք Աստծուն». քահանա

Ապրիլ 18,2014 16:48

«Մենք տոնում ենք Զատիկը յուրաքանչյուր գարուն՝ գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին մոտիկ կիրակի օրը: Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը Զատիկը տոնում է ապրիլի 20-ին, բոլորի օրացույցներում համընկել է զատկական այդ տոնախմբությունը»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Արարատյան հայրապետական թեմի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

zatik_2

Նրա խոսքով՝ տոնն իր հիմքում ունի հրեաների՝ եգիպտական գերությունից ազատվելու նախապատմությունը. «Զատիկ» բառն առաջացել է «զատվել» բառից: Հին կտակարանում պատմվում է, թե ինչպես Մովսեսն ուղարկվեց Եգիպտոս, որպեսզի ազատագրի հրեա ժողովրդին գերությունից և վերադարձնի Ավետյաց երկիր: Իսկ ամենավերջում՝ տասը պատիժներից հետո, Աստծուց հրաման ստացվեց հրեաների համար, որ յուրաքանչյուր ոք երեկոյան զատկական գառը մորթի ու այդ գառան արյունով իր տան շեմին նշան անի, որպեսզի երբ հրեշտակն իրականացնի ամենավերջին պատիժը՝ անդրանիկների մահը, այդ նշանը կրող տներից որևէ մեկը չտուժի: Եվ այդպես էլ եղավ: Այսինքն՝ գառան արյամբ նրանք ազատվեցին մահից: Եվ ինչպես որ զատկական գառան արյունն առիթ դարձավ, որ մարդն իր ֆիզիկական կեցությունը պահպանի, այնպես էլ Քրիստոսի թափած արյամբ (Քրիստոսն ինքն էլ է համարվում զատկական գառ կամ զոհաբերվող գառ) մարդու անմահ հոգին գնվեց մահվանից, և մահն այլևս որևէ իշխանություն չունի մարդու վրա»,- պատմեց քահանան:

Տեր Շմավոն քահանան տեղեկացրեց նաև, որ վաղը ավագ շաբաթ օրն է, և ճրագալույցի պատարագով կազդարարվի մեծ պահքի ավարտը: «Երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ և անմահ պատարագ, որի ընթացքում մարդկանց կտրվի Քրիստոսի հարության մասին ավետիսը, ապա նրանք իրենց տուն կտանեն վառված ճրագները, որոնք խորհրդանշում են Քրիստոսի լույսը, որ պիտի լուսավորի մարդկանց հոգիները»,- ասաց քահանան և հավելեց, որ Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդաց միությունն այս տարի պատրաստվում է ջահերով երթ կազմակերպել. «Շաբաթ օրը՝ պատարագից հետո, Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի ջահերով երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ մասնակիցները ջահերով խաչ կձևավորեն, փառաբանական աղոթք կանեն և բոլոր անցորդներին Քրիստոսի հարության մասին ավետիսը կտան»,- ասաց նա:

Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ, անդրադառնալով տոնի խորհրդանիշներից մի քանիսին, ասաց. «Այստեղ ամենակարևորը ցորենի գաղափարն է, որովհետև ցորենն աճում է, հասունանում և, ի վերջո, դառնում հաց, այն նշխարքը, որ եկեղեցում տալիս են հավատացյալներին: Ցորենի հետ է կապված նաև աքլորի գաղափարը: Ինչպես Քրիստոսը նահատակվեց և հարություն առավ, այնպես էլ ամեն մի մարդ, ըստ ժողովրդական մտածողության, մահանում է և ամեն առավոտ արթնանում, արթնանում է նոր լույսով ու նպատակներով, նոր կյանքի սկիզբով: Եվ ահա մեր առասպելների, ավանդապատումների, ժողովրդական ծիսակատարությունների մեջ նաև աքլորի գաղափարն է եղել: Առասպելն ասում է՝ աքլորն ելավ կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարեավ ի մեռելոց: Այսինքն՝ աքլորը նույնպես իր դերն ունի Քրիստոսին արթնացնելու և ժողովրդին արթնացնելու: Ինչ վերաբերում է Զատկի ձվին, որը վերջին տարիներին տարբեր գույներով են ներկում, ես կարծում եմ, որ այն պետք է ներկել կարմիր գույնով, որովհետև Քրիստոսի արյունն է խորհրդանշում»,- ասաց Լ. Ագուլեցին:

Տեր Շմավոնն էլ իր հերթին ավելացրեց, որ եթե կարմիր չէ Զատկի ձուն, ապա այն իր համար ընդամենը գունավոր ձու է, որովհետև չի խորհրդանշում Քրիստոսի արյունը:

Նա անընդունելի է համարում նաև մարդկանց՝ Զատկի օրը գերեզմանոց գնալը: «Ամեն ինչ խառնված է, փորձում են ամեն բան համատեղել մեկ օրվա մեջ: Կարելի է գերեզմանոց գնալ մեռելոց օրերին»,- ասաց նա:

Զատկի օրը թույլատրվո՞ւմ է, արդյոք, մատաղ անել:

«Այո, քանի որ այդ օրն ավարտվում է մեծ պահքի շրջանը, և ընդունված է, որ Զատկի օրն օրհնվի կենդանին և մորթվի»,- պատասխանեց քահանան և նկատեց, որ ամենակարևորը մատաղի էությունը չաղճատելն է, «որովհետև մատաղը ոչ թե խնջույք անելու առիթ է, այլ շնորհակալություն Աստծուն, որն արտահայտվում է մարդուն կերակրելով, նրան ողորմություն անելով: Մենք մարդուն սիրելու միջոցով մեր սերն ենք արտահայտում Աստծու նկատմամբ, և մատաղը սիրո դրսևորում է, ողորմություն, աղքատների կերակուր, որովհետև եթե դու ունես, իսկ դիմացինը չունի, դու՝ որպես քրիստոնյա, պարտավոր ես կերակրելու նաև նրան, դիմացինին կերակրելով մենք կերակրում ենք Աստծուն»,- հավելեց տեր Շմավոնը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930