Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճիմիտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով:
Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:
Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին