Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանների միջազգային օրվան նվիրված միջոցառում Լոռիում

Ապրիլ 18,2014 16:38

Ապրիլի 18-ը, սկսած 1983 թվականից, նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, իսկ 2004-ից նշվում է նաև Հայաստանում: Այս օրվան ընդառաջ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը նախօրեին կազմակերպել էր լրագրողների այց Լոռու մարզ, մասնավորապես Օձուն, Քոբայր և Լոռի բերդ, որտեղ ներկայացվեցին զեկույցներ դրանց վերականգնման մասին: 2014 թվականի ապրիլի 18-ը նշվում է «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ:

Պատահական չէր, որ այս միջոցառումը մեկնարկեց Օձունի եկեղեցական համալիրից, քանի որ ապրիլի 17-ը Ավագ հինգշաբթի էր՝ Հովնան Օձնեցու ննջեցման օրը, այսինքն՝ համաթեմական ուխտի օր: Օձունի եկեղեցում կատարվեց գմբեթի խաչի օծման և տեղադրման արարողությունը: 5-7-րդ դարերի եկեղեցին այժմ գտնվում է վերականգնողական աշխատանքների մեջ, որոնք սկսվել էին դեռևս 1992 թվականին, բայց կիսատ մնացել: 2011 թվականից  «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի հիմնադիր Մովսես Ձավարյանի և մշակույթի նախարարության հովանավորությամբ աշխատանքները կրկին վերսկսվել են:

Ինչպես ասում է Օձունի ճարտարապետ Միշա Հակոբյանը՝ հավանական է, որ մյուս տարի աշխատանքներն ավարտին հասցվեն: «Վերականգնողական աշխատանքի բարդությունը նրանում է, որ պետք է կարողանաս տարիների այդ ամբողջ շերտագրումը պահպանել: Իսկ Օձունն արդեն ունեցել է 8-9 վերականգնողական շրջան»,– ասում է Մ. Հակոբյանը:

Լրագրողների հաջորդ կանգառը Քոբայրավանքն էր, որը վերականգնվում է հայ-իտալական ծրագրի միջոցով: Արդեն մասնակի վերականգնվել է Մարիամաշեն եկեղեցին, և պլանավորված է, որ այս տարի կտեղադրվի խաչը: «Չեմ կարող ասել, թե եկեղեցու վիճակն այս պահին շատ լավ է, բայց ընդունելի է»,– ասում է Քոբայրավանքի վերականգնող ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանը:

Ներկայումս կատարված աշխատանքը պլանավորվածի մոտավորապես 1/20-րդն է: Զանգակատնից հետո առաջնահերթ են համարվում հացատան վերանորոգման աշխատանքները: Դեպի Քոբայրավանք տանող ճանապարհը նույնպես վերանորոգման կարիք ունի, որպեսզի մեքենաները կարողանան մոտ գնալ: Ճանապարհը վերանորոգելու նախագիծ կա, սակայն այն դեռևս հստակ որոշված չէ:

Վերջին վայրը, որ լրագրողներն այցելեցին, Լոռի բերդն էր, որը 2010 թվականից կառավարության որոշմամբ հռչակվել է արգելոց-թանգարան՝ դառնալով Հայաստանի 9-րդ արգելոցը: Վերականգնման գործընթացը սկսվել է 2010 թվականից և մինչ օրս շարունակվում են պեղման աշխատանքները:

Պեղումների ծրագրի ղեկավար Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ Լոռի բերդը մեր ամենահզոր ամրոցներից է եղել, բացառիկ՝ ինժեներական, պատմագիտական և ճարտարապետական տեսանկյուններից: Լոռի բերդում պեղվել է ամբողջ արտաքին պարիսպը, ներքուստ՝ պարսպի 2/3-րդը: Ամենակարևոր գտածոն է եղել 2012 թվականին գտնված բրոնզե թիթեղը, որի վրա արաբերենով գրված է 16-17-րդ դարերի Հին Արևելքի բոլոր կարևորագույն քաղաքների անունները:

Հ. Սիմոնյանն ասում է, որ վրացիները հաճախ են պնդում, թե Լոռի բերդն իրենցն է, սակայն պեղումներից ոչ մեկի ժամանակ չի հայտնաբերվել վրացական որևէ նշույլ: Նա գտնում է, որ լավ կլիներ հրավիրել նաև վրացի փորձագետների, որպեսզի պեղումներ կատարեն իրենց հետ միասին և համոզվեն Լոռի բերդի հայկական լինելու մեջ, սակայն դա մեծ ֆինանսավորում է պահանջում: Պեղումների ժամանակ մեծ կարևորություն է իրենից ներկայացրել նաև որմնախաչի հայտնաբերումն այդ տարածքում: Այն եկեղեցու պատի քար է եղել, որի վրա պատկերված է հազվադեպ հանդիպող երևույթ՝ հրեշտակներ բարուրի մեջ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հայտնեց, թե մոտավորապես որքան գումար է տրամադրվել այս հուշարձանների վերականգնման համար. շուրջ 220 մլն դրամ հատկացվել է Օձունի վերականգնմանը, 140 մլն՝ Քոբայրավանքի և 50 մլն՝ Լոռի բերդի: Նա նաև նշեց, որ կատարվող աշխատանքները բավականին լուրջ են և կտևեն տասնամյակներ:

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930