Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատյան դաշտում արտեզյան ջրերի խնդիր չկա. ջրային ռեսուրսների վատ կառավարումն է պատճառը» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 14:58

Մի խումբ բնապահպաններ դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին`հորդորելով հետ կանչել ներկայումս ԱԺ-ում գտնվող Սեւանա լճին առնչվող երկու օրենքների նախագծերը:

«Տիգրան Սարգսյանը գնալուց առաջ հանրությանը «նվեր» մատուցեց`ստորագրելով Սեւանա լճի մասին երկու շատ վտանգավոր որոշում` մեկը` Սեւանից լրացուցիչ 70  միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բացթողնելու, մյուսը` ձկնաբուծության համալիր զարգացման վերաբերյալ: Երկու դեպքում էլ Սեւանա լիճը կանգնած է վտանգի առաջ»,-այսօր  «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ում ասաց կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը:

Երեկվանից սկսած` Սեւանա լճին առնչվող այդ երկու որոշումների դեմ բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն միացել է 800 քաղաքացի: Գեղարքունիքի մարզի բնակիչներն էլ ապրիլի 25-ին Սեւանում ակցիա կանցկացնեն ի պաշտպանություն Սեւանի:

«Բոլորը զբաղված են քաղաքական հարցերով եւ Սեւանի խնդիրները անտեսվում են»,-նկատեց տիկին Զառաֆյանը, մինչդեռ նրա համոզմամբ, Սեւանը մեր երկրի ունեցած միակ ազգային հարստությունն է, որի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացնել փորձագիտական ուսումնասիրություններից հետո միայն: Սակայն Ինգա Զառաֆյանը վստահեցնում է, որ նշյալ երկու որոշումներն էլ «նեղ անձնական շահերը սպասարկելու» համար են կայացվել` Սեւան-Հրազդան կասկադի էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնելու եւ օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ափամերձ օբյեկտները, ջրի մակարդակի բարձրացումից չտուժելու համար:

«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանի խոսքերով էլ. «Մարդիկ անընդհատ լսում են, թե Սեւանն ինչ կարեւոր, ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար,  բայց չեն պատկերացնում: Խնդիրն այն է, որ Սեւանից բացի, ուրիշ հարստություն մենք չունենք, հանքերի պաշարները շուտով սպառվելու են, եւ Սեւանն, իր  քաղցրահամ խմելու ջրով մեծ հարստություն է: Լեռնային սառնորակ աղբյուրների հիմքը Սեւանի ջուրն է, եթե այն չորացնում ենք, զրկվում ենք այդ աղբյուրներից էլ»:

Բնապահպանի մեկնաբանությունների շարունակությունը` տեսանյութում

Սաթենիկ Բադեյանը նաեւ հիշեցրեց, թե մութ ու ցուրտ տարիներին, ինչպիսի մեծ օգուտ է տվել լիճն իր ձկան պաշարներով եւ որպես էներգիայի աղբյուր. «Մենք դեռեւս դուրս չենք եկել այդ պատերազմական իրավիճակից: Ի՞նչ ենք անելու,  եթե այսօր Սեւանի պաշարների հետ այդկերպ վերաբերվենք ու ջրի մակարդակը իջեցնենք, մանավանդ որ, այդ տարիների կորուստները դեռ չենք վերականգնել:

«Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ այդ հարցերով արդեն մի քանի նամակ են ուղարկել ՀՀ նախագահին, բայց այդպես էլ անարձագանք է մնացել: Սեւանի շուրջ մտահոգությունները իշխանություններին լսելի դարձնելու համար բնապահպանները եկող շաբաթ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն` պահանջելով առանց լուրջ փորձագիտական եզրակացությունների Սեւանից ջուր բաց չթողնել: Ըստ նրանց, Սեւանի ավազանի բնակչությունը նույնպես վրդովված է այդ նախագծերով:

Բնապահպանների ներկայացմամբ, Սեւան-Հրազդան ջրատարը վթարային վիճակում է, ինչի պատճառով փոխադրվող ջրի մոտ 60 տոկոս կորուստ է լինում, եւ ըստ նրանց, փոխարենն այդ ջրատարը վերանորոգեն եւ այդ կորուստները խնայեն, մեկ այլ բնակավայրի ջրի հարցը լուծելու համար Սեւանից ավելի ջուր են բացթողնում: Ըստ նրանց, Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի խնդիր իրականում չկա եւ այդ ամենն ընդամենը ջրային ռեսուրսների վատ կառավարման արդյունք է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930