«Թուրքիան ԱՄՆ-ի կողմից «քարտ բլանշ» է ստանում գործելու, ինչը բերում է Թուրքիայի՝ հակառուսական քաղաքականության ուժեղացմանը, իսկ սա հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի լկտիաբար պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ Թուրքիան ճնշում իրականացրեց ԱՄՆ-ի վրա, և հետևաբար ստացավ հավաստիացում, որ այդ բանաձևը ընթացք չի ունենա: Նման հայտարարություն ԱՄՆ-ի կողմից չէր եղել, որ Կոնգրեսը հայտարարեր, թե չի ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
ԱՄՆ Սենատի՝ արտաքին հանձնաժողովի կողմից նման բանաձևի ընդունման փաստի մասին պարոն Սաֆրաստյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Սա նաև օգտագործվում է ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար: Երևում է, որ ինտենսիվ առևտուր է տեղի ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Եվ պատահական չէ, որ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան ուկրաինական ճգնաժամի ժամանակահատվածում»:
Պարոն Սաֆրաստյանը, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, նշեց. «Հերթական անգամ Հայոց ցեղասպանության դատապարտման շահարկման հարցը մտնում է մեծ քաղաքականության օրակարգ: Այս տասնամյակների ընթացքում Թուրքիային հաջողվել է Հայոց ցեղասպանության խնդիրները մտցնել մեծ քաղաքականության հաշվարկների օրակարգ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը, արդյոք այս հարցում նաև ՀՀ արտաքին քաղաքականության և քարոզչական դաշտում բացթողումները իրենց մեղավորությունը չունեն, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Նման կարծիքի չեմ, պետք է ռեալիստ լինենք: Քաղաքականությունը մի կողմից շահերի, մյուս կողմից ուժերի հարաբերակցության վրա է հիմնվում: ՀՀ արտաքին քաղաքականության դերը և տեղը կա, բայց չեմ կարծում, որ դա ավելի մեծ է և ուժեղ, քան հայկական տեղական կազմակերպությունների դերն ու տեղը: Եվ այս համատեքստում կարևոր է այն, որ ցեղասպանության ճանաչումը դարձավ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց: Չպետք է գերագնահատենք ՀՀ ունակություններն այս բնագավառում»:
Հարցին՝ արդյոք ՀՀ-ի՝ Եվրասիական կողմնորոշման բացակայության պարագայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային հանրության վերաբերմունքի առումով ՀՀ-ն ավելի շահեկան վիճակում չէ՞ր լինի, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Երբ ուժեղանում է Թուրքիայի տեղն ու դիրքը և սրվում են ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, ապա միևնույն է, ՀՀ-ն երբեք այդ կշիռը չէր ունենա Արևմուտքի համար, քան Թուրքիան»:
Ռուբեն Սաֆրաստյանի մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցում հետևյալն է.«Միայն դատապարտելով ու պահանջելով ոչնչի չենք հասնի, խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ և առաջ քաշել հատուցման հարցը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ