Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանի որոշմամբ 97 հազար 850 դոլարը հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը

Ապրիլ 18,2014 14:22

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Հայկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 10-ին իր վարած «Լեքսուս» ավտոմեքենայով Հայաստանից Վրաստան ուղեւորվելիս, տեղափոխման համար թույլատրելի 5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 12 հազար 150 ԱՄՆ դոլար գումարից բացի, Բագրատաշենի մաքսակետի մաքսային հսկողությունը անցնելով՝ ավտոմեքենայի հետեւի ուղեւորի համար նախատեսված նստատեղի վրա, պոլիէթիլենային տոպրակի մեջ , փորձել է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով Վրաստան տեղափոխել 40 միլիոն 265 հազար 275 դրամին համարժեք 97 հազար 850 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Սակայն դա նրան չի հաջողվել՝ իր կամքից անկախ պատճառներով: Հ. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Ղուկասյանը վերոհիշյալ գումարը Վրաստան է ցանկացել տեղափոխել, որպեսզի դոլարներն այնտեղ թանկ վաճառելով՝ շահույթ ստանա: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթացող դատավարության փետրվարի 12-ի նիստում պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդել է Հ. Ղուկասյանի նկատմամբ կիրառել «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը եւ կարճել սույն քրեական գործի վարույթն ու դադարեցնել Հ. Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նկատի ունենալով, որ նա մասնակցել է Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանագոտու ինքնապաշտպանությանը:

Ապրիլի 8-ի նիստում պաշտպան Ռ. Հակոբյանը խնդրել է չքննարկել իր նախկին միջնորդությունը եւ հանդես է եկել նոր միջնորդությամբ՝ խնդրելով կիրառել « ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը , կարճել սույն քրեական գործի վարույթը , դադարեցնել Հայկ Ղուկասյանի նկատմամբ 34-215 հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխան Հ. Ղուկասյանին վերադարձնել հետաքննության ընթացքում ավտոմեքենայի սրահի կրկնակի զննության ժամանակ ամբաստանյալի կողմից ներկայացված եւ նրանից վերցված՝ իրեղեն ապացույց ճանաչված կանխիկ արտարժույթն ամբողջությամբ, ինչպես նաեւ իրեղեն ապացույց չճանաչված արտարժույթը:
Ապրիլի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը որոշել է Հայկ Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝« ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ, Հ. Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել: Դատարանը որոշել է որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված, ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում գտնվող 40.265.275 ՀՀ դրամին համարժեք 97 հազար 850 ԱՄՆ դոլար գումարը հանձնել Հայաստանի Հանրապետությանը: Սույն որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930