Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ղազախստանի դեսպան. Մեր երկրի գործարարներին երաշխիքներ են պետք

Ապրիլ 18,2014 14:14

Հայաստանի`ՄՄ-ին անդամակցության ամենախնդրահարույց հարցերից մեկը, որին եւ վերլուծաբանները, եւ քաղաքական հանրույթն ուշադրություն են դարձնում, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի, դեռեւս երիտասարդ, չկայացած պետությունների եւ պետականությունների սուվերենության պահպանությունն է: Բայց առկա քաղաքական որոշման պարագայում, նա այսօր արդիական է համարում խոսել այն ճանապարհի մասին, որը, մասնավորաբար, Հայաստանը պետք է անցնի: Իսկ այն, բանախոսի համոզմամբ, հեշտ չի լինելու: Այդ մասին, այսօր իր որոշ դիտարկումները ներկայացրեց քաղաքագետը`«Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը`Եվրասիական ինտեգրացիայի հարցում» քննարկման ժամանակ:

«Նորավանք» վերլուծական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանի համոզմամբ, Հայաստանում թյուր կարծիք կա ձեւավորված, որ Մաքսային եւ Եվրասիական միություններին անդամակցության հետեւանքով Հայաստան մուտք գործող էներգակիրների գները նվազելու են: Բայց, ըստ վերլուծաբանի, առավելագույնը, ինչին կարողացավ հասնել Հայաստանը, գազի գնի սառեցումն էր: Այս իմաստներով «լավատեսական հեռանկար» չկա: Ավելին, Հայաստանի համար հենց էներգետիկ տեսանկյունից սպասելիքները վերլուծաբանը համարում է զուտ հայ-ռուսական հարաբերությունների խնդիր: Այս ոլորտում հեռանկար նա տեսնում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեջ, քանի որ անգամ ՄՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար չի լուծում աբխազական երկաթուղու հարցը:

Միաժամանակ, ՄՄ-ին անդամակցության գործընթացում, գոնե իր համար, վերլուծաբանն ամենաէական հարցը համարում է Հայաստանի էներգետիկ համակարգի կայունության ապահովումը`ՀԱԷԿ-ի մոդեռնիզացիայով: Բայց դա էլ հայ-ռուսական հարաբերությունների հարց է:

Ի դեպ, իբրեւ ԵՄ-ի հետ ինտեգրման փաստաթղթին լավածանոթ մարդ, Սեւակ Սարուխանյանն իր համեմատություններում հանգեց նրան, որ թեպետ իրավական հարթությունում այդ փաստաթղթերով նախատեսված էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը, բաց նկատի ունենալով մի շարք հայտարարություններ, իրական հարթությունում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չէր ապահովվում Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի փաստաթղթի ստորագրմամբ:

«Կովկասի» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն էլ քաղաքական անվտանգության տեսանկյունից հարցին անդրադառնալով՝ նկատեց, որ Հայաստանի`ՄՄ-ին անդամակցության հիմքում քաղաքական, աշխարհաքաղաքական հարցերն են, որքան էլ որ փորձեր արվեն առաջ մղել տնտեսական բաղադրիչը: Այս համատեքստում օրինակ բերեց միջազգային կառույցներում Հայաստանի վերջին քվեարկությունները: Քաղաքագետն, իհարկե, իսպառ չի բացառում տնտեսական բաղադրիչը:

Անդրադառնալով ՄՄ-ի շրջանակներում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցության հնարավորություններին, նա նկատեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում էլ Հայաստանն ու Ղազախստանը լավագույնս համագործակցում են ռազմաքաղաքական ոլորտում հատկապես: Բայց, քաղաքագետի համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչ կեցվածք կդրսեւորի Ղազախստանը ԼՂՀ-ի նկատմամբ`երբ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին: Նա ընդհանրապես երաշխիքների հարցն է առաջ քաշում`ԼՂՀ հարցի համատեքստում:

Ի պատասխան հնչած այս եւ համանման այլ մտահոգությունների՝ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոսա Բոզժիգիտովը, վկայակոչելով իր երկրի նախագահի հայտարարություններն ու հանձնարարականները, ասաց, որ դրանցում ԼՂՀ-ի մասին անդրադարձ չկա եւ որ իր երկրի քաղաքական մոտեցումն այսպիսին է`հիմնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ գործակցության վրա: Դեսպանը նկատեց նաեւ, որ Հայաստանը մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունի, Ղազախստանը մեծ հարստություններ ու երկու երկրներն այս առումով արդյունավետ կարող են համագործակցել: «Երբ ՀՀ-ն մտնի ՄՄ, կլինի ընդհանուր իրավական դաշտ»,-նկատեց դեսպանը`հավելելով, որ ղազախ գործարարներին երաշխիքներ են պետք, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել: «Հայաստանը պետք է սկսի աշխատել հարեւանների հետ, որպեսզի կարողանա վերականգնել իր նախկին հնարավորությունները»,- կարծում է դեսպանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930