Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Ազգային անվտանգությունը հաճախ ավելի բաց է, քան ինչ-որ մարզպետարան» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 14:05

Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովում այսօր քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

Զեկույցը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը, ապա հարակից զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ էլինար Վարդանյանը, ում կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում հսկայական աշխատանք է կատարված, ընդգրկված են բազմաթիվ ոլորտներ: Տիկին Վարդանյանը խոստացավ Ազգային ժողովի նիստի ժամանակ ավելի ընդգրկուն ելույթով հանդես գալ:

Նիստի ավարտից հետո «Առավոտը» Պաշտպանից հետաքրքրվեց՝ սովորաբար Պաշտպանի զեկույցները, որոնք քննադատական լուրջ նոտաներ են պարունակում բոլոր այն գերատեսչությունների հանդեպ, որոնց անդրադառնում է, արժանանում են հակադարձումների, թշնամանքի, պատրա՞ստ է նա հերթական քննադատություններին՝ Ազգային ժողովին զեկույցը ներկայացնելու ժամանակ: Պաշտպանը պատասխանեց, որ տարեցտարի այդ միտումները նվազում են, եւ դժգոհություններն ու հակադարձումները քչանում են. «Այս տարի ընդամենը երեքն են եղել նման քննադատությունները: Մենք արդեն սովոր ենք նման բաների: Եթե մենք պատրաստ չլինեինք դիմակայել այդ բոլոր քննադատություններին, հաճախ՝ հարձակումներին, մենք չպիտի այլեւս աշխատեինք»: Նա ասաց, որ առաջընթացը նկատելի է վերջին երեք տարիների կտրվածքով:
Մեր մյուս հարցին՝ այս տարի ձեր զեկույցում ընդգրկվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը, արդյոք դժվար չէ՞ր աշխատել նման փակ կառույցի հետ, Պաշտպանն ասաց, որ որոշ հարցերում ԱԱԾ-ի հետ ավելի հեշտ էր, քան ինչ-որ մարզպետարանի կամ քաղաքապետարանի:

Պաշտպանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930