Լրահոս
Օրվա լրահոսը

Բարիտոնը՝ օպերայի նոր տնօրենի մասին. «Ինքը օպերայում չունի ծանոթներ, ախպերներ եւ անգամ մորքուրի տղա» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 13:50

ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բարիտոն Գեւորգ Հակոբյանն այսօր «Ուրբաթ» ակումբում խոսեց իր հաջողություններից: 2014թ. մարտ- ապրիլ ամիսներին նա Իսպանիայի Վալենսիա քաղաքի օպերային թատրոնում Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում Պաոլո Ալբիանիի դերերգով հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի հետ: Նա հատուկ շեշտեց, որ Պլասիդո Դոմինգոն արդեն մի քանի տարի է՝ հանդես է գալիս որպես բարիտոն, հավելեց, որ Սիմոն Բոկանեգրայի դերը հենց բարիտոնի դեր է: Պատմում է, որ այս անգամ առաջարկել են Պաոլո Ալբիանիի դերերգով հանդես գալ, նաեւ իբրեւ փոխարինող՝ Սիմոն Բոկանեգրա երգել: Հայ բարիտոնը նշեց, որ համաձայնել է հանդես գալ Պաոլո Ալբիանիի դերերգով: «Մաեստրոն վատառողջ էր, խնդրեց իր փոխարեն երգել Սիմոն Բոկանեգրայի դերը: Ասացի, որ չգիտեմ, ասաց՝ շատ շուտ սովորիր, այդ դերը հենց քեզ համար է: Ես մեկ շաբաթում ծայրից ծայր այդ դերերգը նոտաներով պատրաստեցի: Դոմինգոն ասաց, որ պետք է երգեմ: Ասացի՝ մաեստրո, եթե վատառողջ եք, թող փոխարինողը երգի, մաեստրոն էլ պատասխանեց, որ եթե դու երգես, այդպես ե՛ւ ես երջանիկ կլինեմ, ե՛ւ հանդիսատեսը»,-պատմեց Գեւորգ Հակոբյանը: Նա հավելեց, որ Դոմինգոյի հետ ծանոթացել է գերմանացի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորին Մաազելի միջոցով՝ 2010-ին:

«Միշտ շատ եմ սիրել ու գնահատել Դոմինգոյի արվեստը, միշտ երազում էի մոտենալ եւ հարմար առիթով ձեռքը սեղմել»,- նշում է Գեւորգ Հակոբյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է դա պատահել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է օպերային թատրոնի վերջին զարգացումների եւ մասնավորապես տնօրենի նշանակման առիթով: Հիշեցնենք , որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել արաբագետ Անդրանիկ Արզումանյանը:

«Երբ Գեղամ Գրիգորյանը հրաժարվեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վարել ,այդ տեղը թափուր մնաց մինչեւ 2014 թվականը, իսկ դա նշանակում է, որ չկար այն մարդը, որը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը: Գուցե պետք էր մի ուժ, որը չունի ընկերներ եւ ծանոթներ օպերային թատրոնում: Մանավանդ Հայաստանը ախպերության եւ ծանոթների երկիր է: Ես զրուցել եմ նոր տնօրենի հետ, շատ լավ, առաքինի մարդու տպավորություն թողեց: Ըստ իս, դա ցանկացած գործի նախապայմանն է: Անկեղծ եմ ասում, իրեն չեմ ճանաչել, նույնիսկ անունը չգիտեի: Ինքը օպերայում չունի ծանոթներ, ախպերներ եւ անգամ մորքուրի տղա: Ուրեմն ինչո՞ւ ոչ, թող ղեկավարի: Ի դեպ, երբ նա հանդիպեց մեներգիչների հետ, ասացինք, որ թատրոնին անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավար: Անձամբ ես, միայն Գեղամ Գրիգորյանին եմ տեսնում որպես գեղարվեստական ղեկավար: Աշխարհում չկա որեւէ թատրոն, որը չունենա գեղարվեստական ղեկավար, որովհետեւ օպերան ադմինիստրատիվ աշխատանքների կենտրոն չէ, այն մշակութային օջախ է»,-ասաց ճանաչված բարիտոնը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նոր մոտեցումներով օպերային ներկայացումներ բեմադրելուն: «Մենք պահպանողական ժողովուրդ ենք, օրինակ, ջինսերով օպերային ներկայացում անելը Հայաստանում լավ չի դիտվի»,-նշեց Գեւորգ Հակոբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930