Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ աշխարհն այս անփոփոխ

Ապրիլ 18,2014 14:15

Համո Սահյանի հիշատակին

Լավ է ուշ, քան ավելի ուշ՝ կրկնում էի մտքումս, քանի որ երբեքն արդեն մահն է:
Եվ որպես շարունակություն՝ մտածում էի նաեւ, թե ավելի լավ է տեսնել, քան հորինել: Ու բոլորովին էլ կարիք չկա վարագուրել բաց պատուհանները՝ փորձելով երեւակայել, թե ի՞նչ կա վարագույրից այն կողմ՝ հուսալով, որ կգտնես մի չճանաչված գաղտնիք, որը քեզ համար կբացի աշխարհը փոխելու քո ճանապարհը, ինչին ողբերգականորեն հավատացել ես քո մանկությունից, երբ առաջին անգամ տեսար եւ չճանաչեցիր լույսն ու ջուրը…
Ե՛վ երեկ, եւ՛ այսօր, ինչպես նաեւ մեզանից շա՛տ առաջ, ամեն օր աշխարհ են գալիս աշխարհ փոխողները. ինչպիսի՛ չձեւակերպված եւ անհաստատ հանդգնություն, ինչպիսի՛ երազանք՝ ի սկզբանե պարտված:

Երբ շարունակ մի բան փոխելու ներսից հորդացող ալիքը քանդում է հինը՝ հաստատելով իրենը, եւ չի էլ նկատում, թե ինչպես իր կարճ կյանքի ընթացքում իր դեռ չհիմնավորված նորն արդեն վաղո՛ւց հին է: Քանի որ աշխարհը փոխելու մեր բնազդային ցանկությամբ բռնկված՝ չենք էլ նկատում, թե ինչպես է այդ նույն աշխարհը փոխում մեզ…
Եվ մենք՝ ուշ, երբեմն՝ շատ ավելի ուշ, իսկ հիմնականում՝ ուշացած, հասկանում ենք, որ իր հավերժական շրջապտույտն անող այս նավ-աշխարհում մենք ընդամենը պարզ ուղեւոր ենք, եւ եթե նույնիսկ մենք ընթացքին հակառակ ենք քայլում, մեր դիմադրության սահմանը մինչեւ աշխարհ-նավի բազրիքն է, քանի որ, միեւնույն է, նա մեզ տանում է իր հետ՝ իր անխորտակ ճանապարհով:

Եվ մի օր այդ պարզ հայտնագործությունից խուճապահար՝ մենք կառչում ենք մեզ՝ որպես բախտ մեկնված սիրո ձեռքերից, որ հեռացնենք մեզանից վերահաս վախճանը, որը մահն է: Եվ դարձյալ չենք գիտակցում, որ նույնիսկ սերը չի փրկում մեզ: Այն գալիս, ընդամենը ավերում է մինչ այդ ունեցած մեր պարզունակ ներաշխարհը, փոխում, տեղահանում է եղածը եւ մեզ խոստանում այլ եզերք, որտեղ աշխարհը փոխելու մեր հին երազանքն արդեն թվում է հասանելի:

Եվ որովհետեւ սերն ընդամենը աշխարհը փոխելու խոստում է միայն եւ վարագույր մեր պատուհաններին, մի պահ՝ տանջալիորեն քաղցր մի պահ մեզ դարձնում է միամիտ, թե իբր վարագույր չկա եւ չի էլ եղել, եւ ինչ որ տեսնում ենք վարագույրի միջով, դա է աշխարհը, քանզի վախենում ենք ետ քաշել վարագույրը, որովհետեւ այնտեղ մեր՝ բոլոր աշխարհ փոխողներիս մահն է եւ աշխարհն այս անփոփոխ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930