Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական վերադասավորումնե՞ր, թե՞ «պորտֆելների պայքար». փաթեթավորման հարց է

Ապրիլ 18,2014 14:00

ՀՀԿ-ի «նոր տեսանկյունը, հայացքն ու պահանջները»
եւ ընդդիմության «հին օրերի երգը»

Զրույց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ընթացող քաղաքական վերադասավորումները:

– Վերջնական գնահատականներ տալը դեռ վաղ է, քանի որ որոշ հարցերում դեռ հստակություն չկա: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի կեցվածքին` կարծես իրենք էլ դեռ վերջնական չեն կողմնորոշվել, բայց ընթացքում արդեն կորցրել են երեք նախարարական պորտֆել: Ես դա իրենց համար ոչ թե ձեռքբերում, այլ մեծագույն կորուստ եմ համարում: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են հիմա նման հայտարարություններով հանդես գալիս` հավելելով, որ ամսի 25-ին վերջնականապես կկողմնորոշվեն, բայց ենթադրում եմ:
Քառյակը ընդդիմադիր դաշտում շարունակելու է միասնական գործել: Եթե ՕԵԿ-ի ձայները կնպաստեն, որ ընդդիմության ձայների քանակն ավելանա, եւ որոշ հարցերում մենք կարողանանք որոշիչ դերակատարություն ունենալ, ես ողջունում եմ: Թե դա ինչքանո՞վ լավ կլինի ՕԵԿ-ի համար` իրենց մտածելու խնդիրն է:

– Դուք պատրաստ եք ՕԵԿ-ին գրկաբաց ընդունե՞լ ընդդիմության շարքերը:

– Ես նման բան չասացի: Իրենց շահից է բխում, որ ընդդիմության հետ քվեարկեն, իսկ որքանո՞վ կդիտարկվեն ընդդիմություն` ժողովուրդը կորոշի: Իսկ իրենց վարկանիշը, մեղմ ասած, բարձր չէ` ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական շրջանակներում: Հիշենք 2008-ի ընտրությունները, դրան հաջորդող կոալիցիոն կառավարությունը եւ մարտիմեկյան սպանդը, որը ես պայմանավորում եմ նաեւ ՕԵԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելով: Ինձ համար դա բռնություն էր ժողովրդի ձայնի նկատմամբ:

– Հասարակության, նաեւ որոշ ոչ իշխանական գործիչների շրջանում թերահավատություն կա քառյակի գործունեության վերաբերյալ, որքան էլ այդ համագործակցության անդամ կուսակցությունները հայտարարում են կոալիցիա չմտնելու մասին: Ներկայիս գործընթացներն առավել բնութագրվում են իբրեւ սեփական «գնի թանկացում»:

– Անկախ քառյակի քաղաքական ուժերի նկատմամբ ձեւավորված կարծիքից՝ ԲՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ հայտարարել են, որ կոալիցիա չեն մտնելու, հետեւաբար ես ողջունում եմ չորս քաղաքական խմբակցությունների որոշումը: Կարող եմ մի բան փաստել` համագործակցությունը շարունակվում է, եւ ապագայի, մեր պահանջատիրության, երկրում իրավիճակ փոխելու նկատմամբ առկա փոքրիկ տարաձայնությունները` յուրաքանչյուրի տեսլականը հաշվի առնելով, ի վերջո, գալու ենք նույն եզրակացության` ոչ մի կառավարություն (անձերով չպայմանավորենք) երկրում որեւէ բան փոխել չի կարող, քանի որ մեր երկրում ամեն ինչ պայմանավորված է Բաղրամյան 26-ով: Հետեւաբար Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը օրակարգային է. կարծում եմ՝ մյուս քաղաքական ուժերն էլ ժամանակի ընթացքում կգան այդ մոտեցմանը:

Ի դեպ, մի քանի քաղաքական ուժերի պետք է միանգամից հանել «պորտֆելների պայքարի» ցուցակից, որոնք ի սկզբանե մերժեցին ամեն ինչ: Բայց, իմ տպավորությամբ, որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց, հավանաբար, լուսանցքից դուրս են զգում, ամեն ինչ անում են, որ չորսի համագործակցությունը խաթարեն` զուտ իրենց լավ զգալու համար: Բայց եթե իրենք ուզում են, որ երկրում ինչ-որ բան փոխվի, թող միանան, ոչ թե միավորումը քայքայեն: Դա ազնիվ նպատակ չէ: Կարո՞ղ են` թող գործոն դառնան: Չե՞ն կարողանում` թող գործոններին միանան: Մեր ժողովրդի, նաեւ քաղաքական ուժերի խնդիրը միշտ էլ նախանձի մեջ է եղել: Ցավում եմ, որ մարդիկ չեն կարողանում վեր կանգնել դրանից եւ աջակցել գործոն հանդիսացող ուժերին:

– Իսկ Հովիկ Աբրահամյանն, ըստ Ձեզ, լա՞վ վարչապետ կլինի:

– Ես ոչ դեմ եմ, ոչ էլ կողմ եմ որեւիցե անձի, քանի որ մեր երկրում բոլոր դժբախտությունները պայմանավորված չեն կառավարության գործունեութամբ կամ վարչապետի անձով: Մեր խնդիրները համակարգային են, եւ բոլոր չարիքները գալիս են երկրի առաջին դեմքից, քանի որ բոլոր օղակները ուղղորդվում են նրա կողմից: Հետեւաբար կարեւոր չէ, թե ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության անդամները:

– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք նաեւ անձնավորված քննադատություն կար:

– Տիգրան Սարգսյանի նկատմամբ ես իմ անձնական վերաբերմունքն ունեմ, որը պայմանավորված էր նրանով, որ նա իր բուն գործառույթը թողած` զբաղված էր քաղաքական կուսակցությունների քայքայմամբ: Դա իմ տեսակետն է, որը վրեժխնդրություն չի: Տիգրան Սարգսյանը շատ վատ հետագիծ թողեց: Իսկ նորանշանակի մասին ի՞նչ կարող ենք ասել, եթե այդ մարդը չի աշխատել:
Մեր նպատակը եղել եւ մնում է համակարգի փոփոխությունը: Համակարգի տեսակը պայմանավորված է նախագահի տեսակով: Իսկ ներկայիս համակարգը քրեաօլիգարխիկ է:

Զրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա
Մուրադյանի հետ

– Ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը: Ձեր կարծիքով՝ նա ավելի լավ ԱԺ նախագա՞հ էր, թե՞ լավ վարչապետ կլինի:

– Հովիկ Աբրահամյանն այն պատասխանատու եւ գործունյա պաշտոնյան է, ով լավագույնս տիրապետում է կառավարման հմտություններին եւ ունի հարուստ փորձառություն, եւ ինչպես որ ԱԺ լավ նախագահ էր, այնպես էլ, համոզված եմ, լավ վարչապետ կլինի: Վստահ եմ, որ նոր վարչապետն այն կարող ուժն է, որը կնվազեցնի հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը, կամրապնդի երկրի քաղաքական կայունությունն ու զարգացումը:

– Քառյակից սպասվող քաղաքական վտանգը ՀՀԿ-ի համար, Ձեր կարծիքով, Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ չեզոքացա՞վ:

– Իշխանությունը միշտ էլ հակված է եղել կառուցողական երկխոսություն ծավալելու` անկախ նրա ձեւաչափից, եւ իր որոշումները կայացրել է ի շահ ժողովրդի: Իշխանությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլ նաեւ ընդդիմության համար: Իսկ նոր վարչապետի նշանակումն ավելի շատ ոչ թե կանխարգելման միտում ուներ, այլ իրավիճակի ճիշտ գնահատման եւ բարելավման:

– Նախագահն ուշագրավ հայտարարություն արեց` ասաց, որ վարչապետին տրվել է ազատ գործելու հնարավորություն, նաեւ, որ արգելվում են կաշառակերությունը, կոռուպցիան: Տիգրան Սարգսյանն ազատ չէ՞ր գործում, ո՞ւմ հրահանգով էր աշխատում, կամ կաշառակերությունն ու կոռուպցիան մինչեւ հիմա մեզ մոտ օրենքով թույլատրվա՞ծ էին:

– Անշուշտ, ՀՀ նախագահի հայտարարությունը զարմանալի չէր: Նախկինում էլ բազմիցս խոսվել եւ լուրջ քայլեր են արվել այդ արատների վերացման ուղղությամբ, ուստի եւ նոր կառավարության ձեւավորման նախնական փուլում էլ առաջնահերթ խնդիրների վրա առավել ուշադրություն դարձնելու կարիք կա:

– Անընդհատ խոսվում է կառավարությունում էական փոփոխությունների մասին. ի՞նչ է դա նշանակում, կլինեն նոր դեմքեր` նոր ծրագրո՞վ, թե՞ նոր դեմքեր` հին ծրագրով:

– Այնպես չէ, որ հին ծրագրերը լավը չեն, դրանց մեջ էլ կան բավականին լավ ծրագրեր, որոնք կունենան իրենց շարունակականությունը, իսկ հիմնական մոտեցումն այն է, որ ծագած խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են նոր տեսանկյուն, նոր հայացք եւ նոր պահանջներ:

– Ի՞նչ եք մտածում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու, ընդդիմություն դառնալու եւ «Դեմ եմ»-ի պայքարին միանալու մասին:

– Քաղաքական տարբեր գործընթացներում յուրաքանչյուր քաղաքական ուժի կայացրած որոշումը տվյալ իրավիճակում տեսանելի է որոշում կայացնողների համար, եւ կարծում եմ, որ հասկանալի է նաեւ իրենց քաղաքական թիմի անդամների համար: Հուսանք, որ առաջիկայում ՕԵԿ-ի վերջնական որոշումը չի հիասթափեցնի նրան վստահողներին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930