Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկենտ նախարարներ պատասխանեցին ՎՊ մեղադրանքներին

Ապրիլ 18,2014 13:50

Մինչդեռ Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել գրեթե բոլոր ոլորտներում

Հատուկենտ գերատեսչության ղեկավարներ եղան, որոնք այս օրերին հրապարակային պարզաբանումներ ներկայացրին Վերահսկիչ պալատի՝ վերջերս ներկայացրած հաշվետվությանը: Մինչդեռ ՎՊ-ն գրեթե բոլոր ոլորտներում էլ թերացումներ ու խախտումներ էր հայտնաբերել:

ՎՊ-ն, ի թիվս այլ ոլորտների, անցյալ տարի վերահսկողություն է իրականացրել նաեւ ֆինանսների նախարարությունում: Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտադիր պետք է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալություն ներկայացնի բանկում 200 միլիոն դրամի չափով «երաշխիքային ավանդ»-ի առկայության մասին տեղեկանք, սակայն պալատը պարզել է, որ տրամադրված 5 թույլտվությունից առկա են դեպքեր, երբ թույլտվության տրամադրման պահին երաշխիք չի եղել, կամ եղած բանկային երաշխիքը հետագայում բացակայել է:

Պաշտպանության ոլորտում էլ ստուգելով սննդամթերքի, հանդերձանքի, դեղորայքի եվ հացաթխման ծառայության գնման 162 պայմանագիր՝ 13,405,981.7 հազար դրամ ընդհանուր արժեքով, պալատը բացահայտել է, որ գնման 17 պայմանագրեր՝ 2,457,964.5 հազար դրամ արժեքով, կնքվել են կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Դրանց փոխարեն տեղական արտադրողներից կամ անմիջապես ներմուծողներից գնում կատարելու դեպքում, ՎՊ-ի հաշվարկներով, կարելի էր տնտեսել 172,877.3 հազար դրամ:

Պալատն ուսումնասիրել է նաեւ բնապահպանության ոլորտը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում ՎՊ-ն, մասնավորապես, բացահայտել է, որ արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից արգելոցային ռեժիմի խախտմամբ իրականացվել է ապօրինի հողօգտագործում: Արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով տնօրինվող 117 քմ մակերեսով շինությունների սպասարկման համար հատկացված 1375 քմ մակերեսով հողատարածքի փոխարեն ինքնակամ օգտագործվում է շուրջ 3-ից 4 հեկտար: Արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր եւ Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչները գյուղատնտեսական գործունեությամբ խախտում են պետական արգելոցի պահպանության ռեժիմը: Ըստ ՎՊ-ի՝ այս տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը: Պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը: Պալատի մասնագետները պարզել են, որ արգելոցի ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ: Համայնքային արոտավայրեր եւ խոտհարքեր տանող ճանապարհների բացակայության պատճառով օգտագործվում են արգելոցի տարածքները: Այդ թերացումները պալատի պատասխանատուները պայմանավորում են արգելոցում իրականացվող պահպանության աշխատանքի անարդյունավետությամբ. «Յուրաքանչյուր տեսուչին բաժին է ընկում արգելոցի 700 հա տարածք: Պարզ է, որ դա չի կարող իրատեսական լինել: Դեռ ավելին՝ տեսուչները լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներով»:
ՎՊ մասնագետները նաեւ բացահայտել են, որ արգելոցի գործող սահմանները չեն համապատասխանում էկոհամակարգերի զարգացման եւ պահպանման պայմաններին: Ըստ պալատի հաշվետվության. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանով՝ տարածքը էկոհամակարգերի ընդգրկման տեսակետից առավել ամբողջական դարձնելու, սահմանների կտրտվածությունը վերացնելու նպատակով առաջարկվել էր արգելոցին միացնել 5849.7 հա հողեր, որը մինչ օրս դեռեւս չի կատարվել»:

Պալատը գտնում է, որ բնապահպանական պետական տեսչությունը եւս անգործություն է դրսեւորել: Մասնավորապես՝ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 2012թ. եւ 2013թ. ծրագրերով նախատեսված է եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել ստուգումներ, այնուամենայնիվ, հաշվետու ժամանակաշրջանում փաստացի որեւէ ստուգում չի կատարվել եւ, բնականաբար, որեւէ խախտում չի արձանագրվել:

«Ստուգումների տարեկան ծրագրերը իրատեսական չեն կազմվել՝ 2011թ. ստուգումների ծրագիրը կատարվել է 27.2%-ով, 2012թ.՝ 7.5%-ով, իսկ 2013թ. ծրագրով նախատեսված 2593 օբյեկտներից ստուգումներ իրականացվել են ընդամենը 65-ում կամ ծրագրով նախատեսվածի 2.5 %-ում:
01.01.2011-01.11.2013թթ. ժամանակահատվածում արձանագրված խախտումներով` 560,713.0 հազ. դրամ տուգանքի գումարից ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 286,520.0 հազ. դրամ: Չի վճարվել 274,193.0 հազ. դրամ կամ արձանագրված եւ վերականգնման ենթակա գումարի 48.9%-ը»,- փաստում է ՎՊ հաշվետվությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ տեսչության կողմից վերահսկողություն, իսկ տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել հողային, թափոնների, աղբահանության մասով ՀՀ օրենսդրության կատարման նկատմամբ. համայնքներում աղբի տեղադրումը իրականացվել է ապօրինի աղբավայրերում, բնակավայրերի մերձակա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, ճանապարհների եւ ջրային ռեսուրսների հարեւանությամբ, իսկ բնապահպանական վճարներ հիմնականում չեն վճարվել:

ՎՊ-ի դիտարկմամբ՝ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2011-2013թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարին մակերեւութային ջրերի աղտոտվածության դեպքերի համար տրված 151 հաղորդումների վերաբերյալ Տեսչության կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Պալատը ստուգել է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երեւանի ՋԷԿ», «Հայաստանի ատոմային էլեկտրակայան», «Որոտան ՀԷԿՀ», «Էներգակարգաբերում», «Անալիտիկ», «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունների գործունեությունը՝ վերահսկելով այդ ընկերությունների շահաբաժինների հաշվարկման եւ վճարման գործընթացը: ՎՊ-ն պարզել է, որ ընկերությունների մեծ մասը ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում վնաս է արձանագրել, ինչին նպաստել է ընկերությունների կողմից կարճաժամկետ եւ երկարաժամկետ պարտավորությունների ոչ լիարժեք կատարումը:

Պալատի մասնագետների ներկայացմամբ՝ հաշվապահական հաշվառումը ոչ պատշաճ վարելու, ֆինանսական հաշվետվությունները թերի կազմելու արդյունքում ոչ ճիշտ արտացոլված (նվազեցված) ԱԱՀ-ի եւ շահութահարկի ներկայացման հետեւանքով միայն 2012 թվականի ընթացքում որոշ ընկերությունների մոտ առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 60,676.3 հազար դրամի չափով, որը նույնպես նպաստել է վնասաբերությանը:

Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից վճարվող շահութաբաժինների ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ վնասաբերության պատճառով միայն «Էներգակարգաբերում», «Հաշվարկային կենտրոն» եւ «Անալիտիկ» ՓԲ ընկերությունների մոտ են առաջացել վճարման ենթակա շահաբաժիններ, որոնք համապատասխանաբար կազմել են 3,122.5 հազար դրամ, 1,755.0 հազար դրամ եւ 4,525.0 հազար դրամ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930