Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Հենա, որ ունենար, կաներ» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2014 13:26

«Թերահավատորեն եմ նայում այդ հարցին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք նոր վարչապետը Կուտակային կենսաթոշակային օրենքում հանրօգուտ փոփոխություններ կանի՞, այսպես պատասխանեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Այնուհետև շարունակեց. «Այդ քննարկումներն արեցինք, անդրադարձանք, ասում էի, որ սա չի կարելի անվանել բարեփոխում: Աշխարհում ոչ մի երկրում այդպիսի բան չի լինում, ոչ մի երկիր չի ունեցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Մյուս կողմից էլ սկսել եմ մտածել, միգուցե մեր գանձարանում փո՞ղ չկա, դրա համար են անում»:

Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Այնուհետև պարոն Բոստանջյանը նկատեց, թե երկրում բարոյահոգեբանական ճգնաժամ է ու փաստեց. «Արտագաղթը, գործազրկությունը դեռ շարունակվում են և հասել ենք մի կետի, երբ քաղաքացին այլևս չի ցանկանում ապրել իր տանը: Հասարակության մոտ այլևս չկա հավատ իշխանությունների նկատմամբ: Մենք ունենք մարդկային կապիտալ, հայ մարդը ունի մտածողության, գործելու ավելի մեծ ունակություն, քան մյուսները և մենք պետք է օգտագործենք այդ կապիտալը: Սակայն այսօր քաղաքացին արհամարհված է, նրա իրավունքները ոտնահարված են»:

Պարոն Բոստանջյանը դրական արտահայտվեց Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ:

Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ ունակություններ ունի Հովիկ Աբրահամյանը, որոնց չէր տիրապետում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարոն Բոստանջյանը դժկամությամբ պատասխանեց՝ մանավանդ վրդովվեց, երբ նկատեցինք, թե գովում է Հովիկ Աբրահամյանին: Այնուամենայնիվ պատասխանեց. «Այդ հարցը տվեք Տիգրան Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին, ինչ ունեն, ինչ չունեն: Հենա, որ ունենար, կաներ: Ազգային ճակատային խնդիրը ինչո՞ւ եք բերում երկու անձերի քննարկման առարկա դարձնում: Ես ասում եմ, որ այս վատ իրավիճակում պետք է ինչ-որ մեկը, որ կարողանա իր վրա վերցնել բոլոր դժվարությունները: 1995 թվականից ճանաչում եմ Հովիկ Աբրահամյանին: Նա շրջահայաց է, քննարկումների մտքերի առումով ավելի դոմինանտ է: Հիմա չասեմ այդ մասին՝ չեք ուզում, չեմ ասի»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպես նկատել է Լարիսա Ալավերդյանը, մարզպետ, փոխվարչապետ եղած տարիներին Հովիկ Աբրահամյանը խմբային շահերին է ծառայեցրել իր լծակները, պարոն Բոստանջյանը նշեց. «Ամբողջ աշխարհում տեղի է ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում: Դա տեղի է ունենում սարսափելի բախումների արդյունքում, բայց դա հանգամանք է, որ հետագա զարգացումները կարողանան ապահովել: Այդ ամենը, ինչ նկարագրել է Լարիսա Ալավերդյանը, տեղի է ունեցել: Պետք է ոչ թե վատ զգալ, այլ համարել, որ դա մի աստիճան է հաջորդ աստիճանին հասնելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930